Մոսկվա-Երևան չվերթները կկրճատվե՞ն

Հայաստանի կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (ՔԱԳՎ) ոչ թե ցանկանում սահմանափակումներ մտցնել Հայաստանի և Ռուսաստանի ավիափոխադրումներում, այլ կարգավորել դրանք, civilnet.am-ին ասաց ՔԱԳՎ մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը։ Ըստ նրա՝ ՔԱԳՎ-ի պատվիրակությունը, հաշվի առնելով պահանջարկը և առաջարկը, ինչպես նաև շուկայի պահանջը, Մոսկվայում ապրիլի 13-ին ՌԴ տրանսպորտի նախարարության ներկայացուցիչների հետ քննարկմանն առաջարկել է Մոսկվա-Երևան պայմանագրային ուղղության չվերթների թիվ սահմանել շաբաթական մինչև 42 չվերթը, պայմանագրային այլ ուղղությունների համար սահմանել շաբաթական մինչև 3 չվերթ։

Չերչինյանը նշեց, որ ավիացիայում ընդունված պրակտիկա է, երբ պայմանագրային ուղղությունները կարգավորվում են միջկառավարական համաձայնագրերով։

Հիշեցնենք, որ երեկ Ռուսաստանի ավիացիոն տրանսպորտի դաշնային գործակալությանը («Ռոսավիացիա») իր կայքում տեղեկություն էր տեղադրել, ըստ որի՝ ապրիլի 13-ին Մոսկվայում ՌԴ տրանսպորտի նախարարության և Հայաստանի ՔԱԳՎ-ի ներկայացուցիչների խորհրդակցության ժամանակ ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել վերացնել ցանկացած քանակային սահմանափակում պայմանագրային չվագծերի վրա։ Հայկական կողմն առաջարկել է «սահմանափակումներ» մտցնել Մոսկվա-Երևան պայմանագրային ուղղության վրա՝ ավիափոխադրող յուրաքանչյուր կողմից։ Բացի այդ, նույն ուղղությամբ առաջարկվել է սահմանել շաբաթական մինչև 42 չվերթ, պայմանագրային այլ ուղղությունների համար՝ շաբաթական մինչև 3 չվերթ։

«Ռուսական կողմը համամիտ չէ այսպիսի մոտեցման հետ, քանի որ Մոսկվա-Երևան ավիաուղղությամբ այսօր գործում է երեք ռուսական ավիաընկերություն՝ իրականացնելով շաբաթական 49 չվերթ։ Այլ ուղղություններով ռուսական փոխադրողները կատարում են շաբաթական երեք և ավելի չվերթ»,- նշված է «Ռոսավիացիա»-ի տարածած հաղորդագրությունում։

Մեկնաբանել