ԵՄ դեսպանները վերադառնում են Մինսկ

Ավելի վաղ Չեխիայի դեսպան Իրժի Կարասը հայտարարել էր, որ ծրագրում է Մինսկ վերադառնալ 2012թ. ապրիլի 27-ին։ Մինչև շաբաթվա վերջ մտադիր է Բելառուս վերադառնալ Էստոնիայի դեսպան Յակ Լենսմենտը, ինչպես նաև Գերմանիայի դեսպան Քրիստոֆեր Վայլը։ Ակնկալվում է նաև Լիտվայի դեսպան Էդմինաս Բագդոնասի վերադարձը։

Հիշեցնենք, որ 2012թ. փետրվարի վերջին Մինսկը, ի պատասխան Եվրամիության՝ Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների ընդլայնման, հետ կանչեց Եվրամիությունում իր ներկայացուցչին ու Լեհաստանում Բելառուսի դեսպանին։ Միաժամանակ Լեհաստանի դեսպանին ու ԵՄ ներկայացուցչության ղեկավարին առաջարկվեց խորհրդակցությունների նպատակով «վերադառնալ իրենց մայրաքաղաքներ»։ Ի նշան գործընկերների հետ համերաշխության՝ այս տարվա փետրվարի վերջ-մարտի սկզբին Բելառուսից հեռացան Եվրամիության երկրների բոլոր դեսպանները։