Սեպտեմբերին՝ վաղաժամ ընտրություններ Նիդեռլանդներում

Վաղաժամ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունն առաջացել էր՝ կապված այս ապրիլի 23-ին վարչապետ Մարկ Ռյուտեի հրաժարականի հետ։

Մինչև օրենսդիր մարմնի նոր կազմի ընտրման պահը երկիրը կառավարելու է անցումային կառավարությունը։ Reuters-ը հստակեցնում է, որ նախկինի պես այն գլխավորելու է Ռյուտեն։

Ռյուտեի հրաժարականի պատճառը խորհրդարանական կոալիցիայի՝ բյուջեի խնայողության միջոցառումների ընդունման շուրջ պայմանավորվածություն ձեռք բերել չկարողանալու փաստն էր։ Խոսքը պետական ծախսերը տարեկան €14-16 մլրդ-ով կրճատելու մասին է, որին ձգտում էր կառավարությունը։

Առաջարկված միջոցառումներին դեմ էր ընդդիմությունը, այդ թվում՝ Գեերտ Վիլդերսի «Ազատություն» աջ կուսակցությունը։ Չնայած այս կուսակցությունը կոալիցիայի կազմում չէ՝ շատ նախաձեռնություններ հենց շնորհիվ Վիլդերսի աջակցության են ընդունվել։

Reuters-ը նշում է, որ եթե Ռյուտեի առաջարկած միջոցառումները հավանություն չստանան, բյուջեի դեֆիցիտը 2013թ. կկազմի ՀՆԱ-ի 4,6%-ը։ Գործակալության տվյալներով՝ հինգշաբթի վարչապետի պաշտոնակատարը բյուջեի խնայողության ծրագիրը կրկին ուղարկելու է խորհրդարանի քննարկմանը։