Համագործակցության ծրագիր` ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների միջև

Այսօր աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկան: Ինչպես տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, տեղի է ունեցել երկրու երկրների գլխավոր դատախազների առանձնազրույց, որի ընթացքում քննարկվել են  ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների միջև համագործակցության մասին ստորագրված համաձայնագրի շրջանակներում երկու պետությունների դատախազական մարմինների փոխգործունեությանը, այդ թվում` կոնկրետ քրեական գործերով իրավական օգնություն ցուցաբերելուն վերաբերող հարցեր:

Հանդիպման ընթացքում Աղվան Հովսեփյանը և Յուրի Չայկան  ստորագրել են ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների միջև 2012-2013 թթ. համագործակցության ծրագիրը: Ըստ այդմ՝ կողմերը պայմանավորվել են 2012-2013 թթ. համատեղ կազմակերպել կլոր սեղաններ և քննարկումներ մի շարք թեմաներով, մասնավորապես` ծայրահեղական և ահաբեկչական նպատակներով ինտերնետն օգտագործելու դեմ պայքարի հիմնախնդիրները և պրակտիկան, կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում փորձի փոխանակման, պրակտիկայի, պայքարի արդյունքների և ձևերի արդյունավետության քննարկման, ինչպես նաև կոռուպցիոն և այլ իրավախախտումների կանխարգելման հարցում դատախազությունների կադրային ստորաբաժանումների միջև փորձի փոխանակում, քրեական գործերով իրավական օգնություն տրամադրելիս միջազգային համագործակցության ժամանակակից ձևերը և մեթոդները, քրեական գործերով հանձնման ու իրավական օգնության ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի դատախազության մարմինների միջև համագործակցություն:

Աշխատանքային այցի ընթացքում Յու.Չայկան Ա.Հովսեփյանին է հանձնել իրավակարգի և օրինականության ամրապնդման ոլորտում հայ-ռուսական համագործակցության զարգացման գործում ունեցած մեծ ներդրման համար ՌԴ նախագահի հրամանագրով շնորհված Պատվո շքանշան: