Ա. Խանջյանը տարիներ շարունակ ամուսնու «մուսան է»

Կանադահայ դերասանուհի և պրոդյուսեր Արսինե Խանջյանը հայ հանդիսականին  առավելապես հայտնի է «Արարատ» ֆիլմից, որի ռեժիսորը նրա ամուսին Ատոմ Էգոյանն է:  Մեծ արձագանքի արժանացած ֆիլմը զույգի միակ համագործակցությունը չէ` Արսինեն տարիներ շարունակ ամուսնու «մուսան է»: Դերասանուհին նկարահանվել է Էգոյանի  «Սև կատակերգություն»,  «Ընտանեկան դիմանկար», «Էկզոտիկա», «Ապահովագրական գործակալը»,  «Օրացույց», «Ֆելիսիայի ճամպրուկը», ինչպես նաև այլ ռեժիսորների ֆիլմերում: Վերջին տարիներին Արսինե Խանջյանը հանդես է գալիս նաև իբրև հասարակական ակտիվիստ, որը հետամուտ է հայրենիքում կատարվածին:  

Այս հարցը հաճախ են տալիս դերասանուհիներին, որոնք նկարահանվում են իրենց ամուսինների ֆիլմերում. այնուամենայնիվ հետաքրքիր է լսել Ձեր պատասխանը` հե՞շտ է աշխատել սեփական ամուսնու հետ:

-Ինձ հիմնականում Ատոմի աշխատանքներով են ճանաչում, քանի որ դրանք սովորաբար ստանում են միջազգային հնչողություն: Այն պահից, երբ մենք հանդիպեցինք, ես հասկացա, որ մեզ միավորող շատ բաների շարքում նաև կինոյի հանդեպ կիրքն է: Մենք շատ ենք գնահատում միասին ստեղծագործելու իդեալիստական գաղափարը, հաջողակ ենք, կարողացել ենք հետամուտ լինել ընդանուր հետաքրքրությունների, տարիների ընթացքում զարգանալ և սովորել` միասին աշխատելով:

Ընդհանուր նոր ծրագրեր ունե՞ք:

-Վերջերս հասկացանք, որ կարելի է որոշակի ընդմիջում կատարել կինոյի ոլորտում  համագործակցության մեջ: Մենք երկուսս էլ թատրոնից ենք եկել կինո, և ես միշտ երազել եմ աշխատել Ատոմի հետ թատրոնում: Փետրվարին մենք մի հրաշալի պիես ներկայացրեցինք` «Դաժան և նուրբ»-ը, որի հեղինակը բրիտանացի դրամատուրգ Մարտին Քրիմփն է: Ես գլխավոր դերում էի, Ատոմը ռեժիսորն էր: Դա պարզապես հրաշալի փորձ էր ոչ միայն մեր համագործակցության տեսանկյունից:  Թատրոնն իմ առաջին սերն է: Սա այն արվեստն է, որին ես կցանկանայի կյանքիս այս հատվածում ամբողջովին նվիրվել:   

Արդյոք տարբերվու՞մ է համատեղ աշխատանքը կինոյում և թատրոնում:

-Այո, շատ: Ամենահաճելի տարբերությունն այն է, որ մեր աշխատանքը միևնույն ժամանակ է սկսվում և ավարտվում: Նկարահանումների ընթացքում ես կարող էի իմ դրվագը  վերջացնել որոշակի ժամանակահատվածում, իսկ Ատոմը նկարահանման հրապարակում օր ու գիշեր էր անցկացնում: Երկուսիս էլ շատ դուր է գալիս միասին արթնանալը, նախաճաշելն ու աշխատանքի գնալը: Մենք անընդհատ զրուցում ենք,  քննարկում աշխատանքի ընթացքը:

Բացի այդ, կինոդերասան-ռեժիսոր հարաբերությունները շատ են տարբերվում թատրոնի դերասան-ռեժիսոր հարաբերություններից: Կինոյում դերասանը պարզապես փոխանցում է ռեժիսորի մտահղացումը, որը հետագայում խմբագրվում է նաև մոնտաժի միջոցով:  Թատրոնում այլ է` դերասանն այստեղ կարծես մեդիում լինի: Ռեժիսորը պիտի վստահի նրան և ուժ տա, որպեսզի ներկայացման ժամանակ դերասանը կարողանա արդեն առանց նրա` ինքնուրույն,  տանել ներկայացումը, դերը: Բեմականացման ժամանակ դերասանի վրա ոչ միայն ռեժիսորն է ազդում, այլ` հանդիսատեսը, խաղընկերները: Թատրոնում ռեժիսորը նաև պիտի հենվի դերասանի վրա, քանի որ վերջ ի վերջո դերասանն է լինելու բեմում և ամեն ինչ հենց նրանից է կախված:

Արարատ»-ում Դուք առաջին անգամ ներկայացաք իբրև հայուհի, ինչպե՞ս այդ դերն անդրադարձավ Ձեր հետագա կարիերիայի վրա:        

-«Արարատ»-ից առաջ, նույնիսկ Ատոմի ֆիլմերում, իմ էթնիկ պատկանելությունը երբևէ չի շեշտվել:  Ես խաղացել եմ պարզապես ժամանակակից կնոջ կերպարներ: «Արարատի»-ից  հետո ինձ սկսեցին արևելյան կանանց դերեր առաջարկել: Օրինակ` «Սաբա» ֆիլմում ես հանդես եմ գալիս արաբ կնոջ կերպարում: Սակայն ընդմիջում կատարելու իմ որոշումը հիմնված չէ այս փաստի վրա: Ես գնահատում եմ կանանց այն կերպարները, որոնք բախտ եմ ունեցել մարմնավորել, եթե կերպարն ինձ հետաքրքիր է, միևնույն է, մահմեդական է նա, արաբ, թե հայ: Խնդիրն այն է, որ հետաքրքիր կերպարներ ինձ ավելի ու ավելի հազվադեպ են առաջարկում: Դա սովորական գործընթաց է իմ տարիքի դերասանուհիների համար`քառասունից հետո մեզ մնում են կարծրատիպային դերերը: Մինչդեռ թատրոնում  տարիքն այդքան էլ էական չէ, այստեղ հիսուն տարեկան դերասանուհին կարող է մարմնավորել երեսունհինգ տարեկանի կերպար: Թատրոն վերադառնալու հիմնական պատճառն ինձ համար խաղացանկն է, որն առաջարկվում է իմ տարիքի դերասանուհու համար: 

Այս տարի «Ոսկե ծիրան»-ին կներկայացնե՞ք որևէ բան:

-Ես հրավիրված եմ իբրև հյուր և անպայման կմասնակցեմ, սակայն նոր աշխատանք չեմ ներկայացնի: Ես սիրում եմ փառատոնը: Մենք` ես և Ատոմը, պարզապես տարված ենք դրանով: Շատ լավ ծրագիր ենք ունենում, լավ հյուրեր, որոնք, ի դեպ, ամեն անգամ ցնցված են հեռանում: Հույս ունեմ, որ քաղաքական ղեկավարները լուրջ ուշադրություն կդարձնեն այս փառատոնին, քանի որ կինոն ամենահեշտ, ամենաէժան ձևն է ժողովուրդը, երկիրը աշխարհին ներկայացնելու առումով: Ես ինքս աշխարհին ծանոթացել եմ կինոյի միջոցով: Հնարավորություն չունենալով երկար շրջագայել, մանրամասն ուսումնասիրել Չինաստանը, Իրանը, Թաիլանդը, այս երկրների մասին ֆիլմ դիտելով` ես նրանց սովորույթների, մշակույթի, իրականության մասին տեղեկությունները առաջին ձեռքից եմ ստացել:

Կարծում եք մենք ունե՞նք այնպիսի կինոարտադրանք, որը կներկայացնի Հայաստանը:

-Չունենք: Պատճառը տաղանդի կամ կրթվածության պակասը չե, ոչ էլ պատմություններ  պատմելու անընդունակությունը: Միակ պատճառը ֆինանսական է: Պետությունը շատ քիչ է աջակցում մշակույթին, Հայաստանում դրան կարևորություն չի տրվում: Մենք շատ տաղանդավոր ժողովուրդ ենք, սակայն բավարար չէ ասել. «Մենք տաղանդավոր ենք, մենք խելացի ենք, մենք …», ուր է աշխատանքը, ով է աշխատում, և ով է աջակցում այդ աշխատանքին: Դա իշխանության և հասարակության խնդիրն է, որը բոլորին է վերաբերում:  Մեր իմիջն աշխարհում չափազանց մշուշված է, մինչդեռ մշակույթը քաղաքական ամենաարդյունավետ գործիքն է, որը կարելի է օգտագործել առանց արյուն թափելու: