Վարչապետն ընդունել է Լատվիայի ՊԵԾ պատվիրակությանը

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության պետական եկամուտների ծառայության (ՊԵԾ) գլխավոր տնօրեն Նելիա Եզդակովայի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, վարչապետը նշել է. «Մեզ հետաքրքրում է ձեր փորձը: Հարկային և մաքսային վարչարարության ոլորտը գտնվում է թե՛ գործարար միջավայրի, թե՛ հասարակության ուշադրության կենտրոնում: Մենք շահագրգռված ենք երկկողմ կապերի ամրապնդման հարցում, և փորձի փոխանակումը օգտակար կլինի մեզ համար»:

Նելիա Եզդակովայի խոսքով` նա առաջին անգամ է այցելում Հայաստան և տպավորված է մեր երկրով: Եզդակովան տեղեկացրել է, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ գործընկերների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են հարկային և մաքսային ոլորտներում համագործակցության ուղղությունները: Լատվիայի ՊԵԾ տնօրենը խոսել է իր ղեկավարած կառույցի գործունեության և իրականացվող բարեփոխումների մասին:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ ԵՄ անդամ հանդիսացող Լատվիայի ՊԵԾ-ի հետ փորձի և տեղեկատվության փոխանակումն օգտակար կլինի հարկային ու մաքսային օրենսդրության վարչարարության կատարելագործման առումով:

Նելիա Եզդակովայի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի մինչեւ ապրիլի 27-ը։Ապրիլի 26-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ և Լատվիայի Հանրապետության ՊԵԾ ղեկավարների կողմից կստորագրվի «ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Լատվայի Հանրապետության պետական եկամուտների ծառայության միջև տեխնիկական համագործակցության վերաբերյալ»  համաձայնագիր, որի նպատակը երկու երկրներում հարկերից խուսափելու դեմ պայքարի հարցում համագործակցության խորացումն է ու  հարկային և մաքսային մարմինների միջև փորձի փոխանակումը։