Ներկայացվել են ԵՄ խորհրդատվական խմբի հաշվետվությունները

Եվրամիության խորհրդատվական խումբը հրապարակել է 2011թ. տարեկան և 2012թ. առաջին եռամսյակային հաշվետվությունները՝ ներկայացնելով դրանք Խորհրդատվական խորհրդի 9-րդ նիստին: Ինչպես տեղեկացնում են խմբի մամուլի ծառայությունից, նիստը համանախագահել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան և ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Հաշվետվությունում նշվում է, որ խմբի գործնական աջակցությունը ճանապարհ է հարթել ԵՄ-Հայաստան մուտքի արտոնագրերի դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրի, ինչպես նաև խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունների մեկնարկի համար: Հաշվետվությունում նաև խոսվում է հայկական քաղաքական կուսակցությունների ինտեգրման գործընթացի դյուրացման, քաղաքական որոշումների կայացման գործընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցության շարունակական բարելավման ուղղությամբ խմբի ջանքերի մասին:

Խորհուրդը բարձր է գնահատել 2012թ. փետրվարին Եվրանեսթի ԽՎ-ին Երևանում հյուրընկալելու ԵՄԽԽ առաջարկությունը, ինչպես նաև խմբի խրախուսմամբ մասնակցությունը Ադրբեջանում ապրիլին կայացած նիստին: Նշված նիստերը համարվել են քաղաքական դրական զարգացումների հստակ նշաններ:

Ապաստանի և միգրացիոն քաղաքականությունների իրականացման, ՀՀ կառավարության «Ես գիտեմ» քարոզարշավի գնահատման ուղղությամբ օժանդակությունը խորհրդի կողմից դրական արձագանքի է արժանացել:

Մեկնաբանել