Տեղի է ունեցել ԱԺ մոնիթորինգային խմբի հերթական հանդիպումը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի նախագահին կից մոնիթորինգային խմբի հերթական հանդիպումը, որին մասնակցել են ընտրապայքարում ներգրավված քաղաքական ուժերի, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանդիպման օրակարգը ձևավորվել էր հկ-ներից եւ կուսակցություններից ստացված հարցադրումներից:

Ինչպես տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը, մասնավորապես քննարկվել են ընտրողի` մեկ վայրից մյուսը տեղափոխվելու պարագայում տեղեկանքի տրման կարգի կիրառման ոչ միասնական դրսևորումները: Որոշվել է, որ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը սահմանված կարգով կդիմի ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը պարզաբանումներ ստանալու և միջոցներ ձեռնարկելու համար, որպեսզի կարգը բոլոր համայնքներում գործի համանման` ըստ օրենքի պահանջի:

Մոնիթորինգային խմբի անդամներին մտահոգել էր այն հարցը, թե ինչու չի կիրառվում 6 ամսից ավելի հանրապետությունից բացակայող քաղաքացիներին հաշվառումից հանելու կարգը: ԱԺ նախագահը, մատնանշելով «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրեքի 7-րդ հոդվածի  2-րդ կետը, տեղեկացրել է, որ ՀՀ տարածքից դուրս վեց ամսից ավելի ժամկետով բնակության մեկնող կամ վեց ամսից ավելի ժամկետով բնակվող Հայաստանի քաղաքացին ինքն է պարտավոր այդ մասին գրավոր տեղեկացնել ՀՀ համապատասխան հյուպատոսական ծառայությանը կամ դիվանագիտական ներկայացուցչությանը, որը յոթնօրյա ժամկետում այդ մասին պաշտոնապես հայտնում է կենտրոնական ռեգիստր վարող մարմնին:

Արձանագրվել է, որ օրենքով հստակ կանոնակարգված է նաև մամուլում հնչեցվող այն խնդիրը, թե որոշ դպրոցներ ներքաշվել են նախընտրական գործընթացների մեջ: Ըստ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ կետի` ուսումնական հաստատություններում արգելվում է իրականացնել քաղաքական գործունություն կամ քարոզչություն:  Նիկոյանը պատրաստակամություն է հայտնել  դիմելու ՀՀ կրթության և գիտության նախարարին  օրենքի նշված պահանջի խախտումներն իսպառ բացառելու համար:

Քաղաքական ուժերը հարց են բարձրացրել, որ տեղերում ընտրողներին որոշ ուժեր պարտադրելու են հեռախոսով լուսանկարել քվեաթերթիկը` որպես խոստացված քվեն տալու ապացույց: Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները տեղեկացրել են, որ հեռուստաընկերություններով արդեն իսկ ցուցադրվում են հոլովակներ, որտեղ ընտրողներին զգուշացվում է նման արարքի քրեորեն պատժելի լինելու մասին: ԱԺ նախագահը վստահեցրել է, թե պայմանավորվածություն կա, որ ընտրությունների նախօրեին հեռուստատեսությամբ այդ մասին կհայտարարեն նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն ու ՀՀ ոստիկանության պետը:

Քննության է դրվել նաեւ օքսիդացվող կնիքների հարցը: Մտավախություն է հնչել, որ դրանք օքսիդանում են ոչ թե 12, այլ 3-4 ժամից, ինչը, իբր, հնարավորություն կտա ընտրողին քվեարկության մասնակցել մի քանի անգամ: Ներկաներն արձանագրել են, որ անհանգստությունն անհիմն է, քանի որ այդ դեպքում հազարավոր ընտրողներ կարող են ականատես լինել վաղաժամ օքսիդացմանը: Այդուհանդերձ, Նիկոյանը պատրաստակամություն է հայտնել դիմել ԿԸՀ նախագահին` համպատասխան պարզաբանում ստանալու, իսկ հարկ եղած դեպքում  նաև փորձարկում կազմակերպելու աշխատանքային խմբում:

Հասարակական հատվածի ներկայացուցիչներն ահազանգել են, թե մայրաքաղաքի շենքերում առանց ներկայանալու անձինք են շրջում` քաղաքացիներին կոչ անելով ամպայման մասնակցել առաջիկա ընտրություններին: ԱԺ նախագահը մասնակիցներին մեկ անգամ ևս հորդորել է հարցադրումները բարձրացնել հասցեավորված, ներկայացնել կոնկրետ փաստեր: Այդուհանդերձ, Նիկոյանը վստահեցրել է, որ այս խնդիրը ևս կներկայացնի ՀՀ ոստիկանության ուշադրությանը:

Մոնիթորինգային խումբն անդրադարձել է նաև այլ հարցերի: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ծագող խնդիրները մասնակիցներն արձանագրեն ու ներկայացնեն նախօրոք` օրակարգում ընդգրկվող հարցերն ավելի խորքային քննարկելու նպատակով: