Հեղափոխությունը քվեաթերթիկի առջև է կայանալու. Նիկոլ Փաշինյան

«Այսօր մենք ունենք իրադրություն, երբ իշխանությունները խոսում են ազատ ընտրությունների մասին, բայց մարդիկ կարող են ենթարկվել հետապնդումների իրենց քաղաքական կողմնորոշումների պատճառով»,- Հ1 հեռուստատեսության «Հարցազրույց» հաղորդման հյուրասրահում նշեց ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը:

Նրա դիտարկմամբ` այսօրվա քաղաքացին բոլորովին այլ քաղաքացի է. վերջին հինգ տարիների ընթացքում քաղաքացիական հասարակության կայացումը մեծ առաջընթաց է ապրել: Սակայն «զուտ քաղաքացիական աղմուկը, աշխուժությունն արդյունք չունի, իրական հեղափոխությունը ընտրաթերթիկի առջև է կայանալու: Քաղաքացիական հասարակությունն այսօր ունի ա´յլ որակներ, բայց դրանք չկորցնելու համար պիտի քաղաքական դիրք ունենա»:

Հաղորդավար Նվեր Մնացականյանի դիտարկմանը, թե ընտրողները ալարկոտ ու անտարբեր են դարձել, Փաշինյանը հակադարձեց. «Ընտրություններն ունեն մի առանձնահատկություն. դրանք էմոցիոնալ են, և ես չեմ հավատում, որ եթե մարդը հիմա լուռ է, ինչ-որ էմոցիաներ չի արտահայտում, նա դրանք չունի: Նրա ներսում խմորումներ են ընթանում, իմ դիտարկմամբ, նա վերլուծում է ասված ամեն մի բառը ու դրանից անպայման հետևություններ է անում»:

Ընտրողը, ըստ նրա, կրում է պատասխանատվություն իր կատարած ընտրության համար: Հայաստանի Հանրապետությունը համեմատելով մի մեծ ձեռնարկության հետ` նա ասաց. «Ընտրությունը ղեկավարի թափուր տեղի համար հայտարարված մրցույթ է. եթե ես ձեռնարկության սեփականատեր եմ, ես ընտրում եմ լավ տնօրեն, ստանում եմ լավ չափաբաժին: Եթե ես վատ ընտրող եմ, ընտրում եմ վատ տնօրեն, ստանում եմ քիչ չափաբաժին»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի` ընտրարշավում ֆավորիտ կարելի է համարել երեք ուժերի` Հայ ազգային կոնգրեսին, Բարգավաճ Հայաստանին և Հայ Յեղափոխական Դաշնակցությանը:

Մեկնաբանել