Սովետական Հայաստանը մեր ոսկեդարն էր. Ռուբեն Թովմասյան

«Սովետական Հայաստանը մեր 5000-ամյա պատմության մեջ մեր ոսկեդարն է եղել. Մաշտոցը գրերը ստեղծել է 5-րդ դարում, և մենք դա կոչել ենք ոսկեդար, սակայն երբ բոլշևիկները եկան իշխանության, մենք 83%-ով անգրագետ ազգ էինք»,- «Շանթ» հեռուստատեսության «Հեռանկար» հաղորդման հյուրասրահում նշեց Հայաստանի կոմունիստների առաջնորդ Ռուբեն Թովմասյանը` բացատրելով, թե ինչու պիտի ՀՀ քաղաքացիները քվերակեն ՀԿԿ-ի օգտին:

Ի հակադրություն` Թովմասյանը հիշեցրեց. «Այսօր երկիրը կանգնած է միայն ներկրումների վրա, արտաքին պարտքը հասնում է 4 մլրդ-ի, վաճառվել են գործարաններ` այդ թվում մեքենաշինական, արժեզրկվել է փողը, կրթությունը, մշակույթը»:

Ըստ Թովմասյանի` կոմունիզմը զարգացման հիմքն է, «եկեղեցիներն էլ, որ քանդվում էին, տեղը դպրոց էին կառուցում», հնարավոր էր նույնիսկ բազմակուսակցականությունը: «Ես կողմ եմ խոսքի, կրոնի ազատությանը, բայց եթե կրոնը մարդկանց կարողանում է կրթել, ոչ թե պահել այն 1700 տարվա մակարդակի վրա»,- ասաց նա:

«Ձեր ասուլիսի ժամանակ մեկը ներխուժեց սրահ, ասաց, որ իրեն պիտի մտցնեիք ձեր համամասնական ցուցակը, նրա թևերը ոլորեցին ձեր կողմնակիցները և դուրս նետեցին»,- հիշեցրեց զրուցավար Արամ Աբրահամյանը: Թովմասյանը նշեց, որ այդ մարդուն ուղարկել կամ գուցե բերել էին հատուկ իր ասուլիսը խանգարելու: «Այդ մարդը ինչպե՞ս իմացավ իմ ասուլիսի տեղը, ժամը: Ես ինքս, որ գալիս եմ ասուլիսի, ես եմ խճճվում, ինչպես բարձրանամ, ինչպես գնամ, նա ո՞նց եկավ-գտավ»,- հիմնավորեց նա: Մարդն, ըստ Թովմասյանի, գրանցված է իրենց շարքերում և երեք տարի է, անդամավճար չի մուծում, սակայն «միրաժների մեջ` իրեն պատգամավոր է պատկերացնում»: Շրջանային խորհուրդը նրան երեկ հեռացրել է կուսակցությունից:

Մեկնաբանել