Այսօր չեռնոբիլյան աղետի 26-րդ տարելիցն է

Այսօր Չեռնոբիլում և ուկրաինական այլ քաղաքներում կկայանան մի շարք միջոցառումներ` ի հիշատակ այդ աղետի և այն չեզոքացնելու համար աշխատող մարդկանց, որոնց աներևակայելի ջանքերի, հաճախ էլ կյանքի գնով հնարավոր եղավ մեկուսացնել կատարվածի զարհուրելի հետևանքները: Այսպես, Կիևում Պատարագ կմատուցվի, կկազմակերպվեն երթ-ռեքվիեմներ, ծաղիկներ կդրվեն չեռնոբիլյան հուշահամալիրին. հաղորդում է Vesti.ru-ն:

Անցյալ տարի ապրիլին Կիևում չեռնոբիլյան դոնոր կազմակերպությանը հաջողվեց շուրջ 935 մլն եվրո հավաքել` 105մ բարձրությամբ, 150մ երկարությամբ և 260մ լայնությամբ ծածկ պատրաստելու համար. այն պատրաստ կլինի և էներգաբլոկի վթարված մասի վրա կտեղադրվի 2016թ-ին:

Ուկրաինայի կառավարության ղեկավար Նիկոլայ Ազարովն ասել է, որ թեպետ երկար տևեցին աղետի հետևանքավերացման աշխատանքները, սակայն այսօր արդեն հնարավոր է «կյանք հաղորդել ամայացած տարածքներին, քաղաքներին ու բնակավայրերին»: Ըստ նրա` այդ տարածքները պիտի օգտագործվեն գյուղատնտեսական նպատակներով:

Այսօր Ուկրաինայում շուրջ 2 մլն «չեռնոբիլցի» կա, ում, աղետի տարելիցի շեմին կառավարությունից խոստանում են ավելացնել նպաստը և արտոնությունները և կրկին խոստովանում, որ Ուկրաինան դեռ ի վիճակի չէ նրանց ապահովել այն թոշակով, որ աղետյալների համար հաստատել է դատարանը: Ենթադրվում է, որ կառավարության նման վերաբերմունքի դեմ այսօր կարող են բողոքի ակցիաներ կազմակերպվել և հրապարակ դուրս կգա ավելի քան 5 հազ. ուկրաինցի:

Հիշեցնենք, որ Չեռնոբիլում վթարվել էր ատոմային էլեկտրակայանը, և ուժեղ ռադիոացիոն աղտոտվածության արդյունքում իշխանությունը ստիպված էր ԱԷԿ-ի շուրջ 30կմ շառավղով տարածքը հայտարարել օտարված: Տարհանվել էր շուրջ 116 հազ. քաղաքացի, սակայն, ըստ պաշտոնական տվյալների, այնտեղ շարունակել է ապրել շուրջ 190 հազ. մարդ:

Մեկնաբանել