Կճոյանը ՀՀԿ-ի հայտնությունն է

Ինչո՞ւ է հոգևորականն այդքան ձգտում լինել իշխանության կողքին: Որովհետև նա ուզում է լինել աշխարհիկ իշխանություն: Նա գիտի, որ եկեղեցին իրենից ոչինչ չի ներկայացնում, ինքնուրույնություն չունի: Եվ ձգտում է մերձենալ նրա հետ, ով կարող է եկեղեցուն փայփայել: Ընդ որում՝ լրիվ նորմալ երկրում դրա կարիքը չէր լինի: Վրաստանում Իլյա Երկրորդ պատրիարքն իսկական փորձանք է Սաակաշվիլիի համար: Ընդամենը մի քանի օր առաջ հոգևոր իշխանությունը աշխարհիկից պահանջեց չբարձրացնել հարկերը: Ոչ թե խնդրեց, ոչ թե փսփսաց ականջին, այլ պահանջեց: Ռուսաստանում իշխանության հետ սիլի-բիլի անող Կիրիլ պատրիարքի գլխին ամպեր են կուտակվում: Ժողովուրդը նրանից պահանջում է հրապարակավ հեռու քաշվել Վլադիմիր Պուտինից: Որովհետև նկատել են, որ Կիրիլը իշխանությանը զգոնացնող ոչ մի հայտարարություն չի անում, ոչնչով չի ազդում նրա վրա: Ինչո՞ւ: «Որովհետև մերձ է իշխանությանը»,– եզրակացնում է ժողովուրդը:

Իսկ ինչո՞ւ է հոգևորականն իշխանության հետ «դոստ»: Նշանակում է՝ անում է բաներ, որոնց բացահայտումից վախենում է: Կամ որոնք, առնվազն օրենքի տեսանկյունից, մտահոգիչ են: Եկեղեցին ստանալիք չունի հավատացյալից և իշխանությունից: Նա ունի տալիք, որը հենց նրա ստանալիքն է: Այս շրջապտույտի մեջ է կայանում եկեղեցին: Բայց դա տեղապտույտ չէ: Երեկ Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք դարձնելու առիթով խոսք հնչեց Մատենադարանի ամբիոնից Մաշտոցի իրիկնային շուքի ներքո՝ եկեղեցին պահպանել է մեր գիրը: Երբ Նավասարդը չի հեռանում աշխարհիկ իշխանությունից, խիստ հետաքրքիր է, թե հատկապես ո՞ր գիրն է պահպանել մեր եկեղեցին: Որովհետև արքեպիսկոպոսը պիտի իմանա՝ այդ իշխանությունը չէ, որ վերին հովանավորության կարիք ունի, ժողովուրդն է այդ հովանավորության հասցեատերը:

Վատիկանն ինքն իրենով իմաստավորել է աշխարհիկ իշխանությունը: Պապը նոմինալ նախագահ է: Բայց աշխարհիկ անձինք չկան նրա տրամադրության տակ: Չէին էլ կարող լինել: Պապն աշխարհիկ աստվածության կարիքը չունի: Ինչո՞ւ: Որովհետև ստանալիք չունի: Ժառանգներ չունի: Տարածն էլ հասարակ փայտից դագաղն է: Այդպես է պահանջում կարգը: Եկեղեցին պետք է ունենա անցողիկության զգացում, որպեսզի հետևի հավերժական արժեքներին: ՀՀԿ-ն անցողիկ քաղաքական ուժ է: Էլ չասենք, որ յուրովի մրցակից է եկեղեցուն: Չէ՞ որ այնտեղ հավաքվածների գերակշիռ մասը, բացի նրանից, որ ցեղակրոնության նոմինալ հետևորդ է, նաև աշխարհիկ հաճույքների համար է դարձել ՀՀԿ-ական: Այդքան միամիտ չենք, որ մտածենք, թե եկեղեցին հաճույքներ չունի կամ չի սիրում, և այդքան միամիտ չենք, որ մտածենք, թե այդ հաճույքները վայելելը նրան լիազորել է Աստված կամ, քարը պայթի, Հիսուս Քրիստոսը: Ցանկացած կազմակերպություն արդեն պակաս հոգևոր կազմակերպություն է: Նույնիսկ 12 առաքյալների միությունն արդեն մեկ քայլ նահանջ էր հոգևորականությունից: Որովհետև մխրճվում են մյուսների մեջ: Այսպիսով՝ ճիշտն այն է, որ աշխարհիկ իշխանությունը միշտ գնա եկեղեցու դուռը: Նաև այն, որ եկեղեցին երբեք չկանգնի առանձին վերցրած մեկ քաղաքական կազմակերպության, այս դեպքում՝ ՀՀԿ-ի, իսկ ընդհանրապես՝ ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, ՀԴԿ-ի և (մեղա Աստծո) Հայաստանի կոմունիստական կուսակցության կողքին: