ՀՀԿ-ի ինչի՞ն է պետք ՕԵԿ-ը

Քաղաքականությամբ հետաքրքրվող ցանկացած մարդ այսօր մտածում է՝ տեսնես ինչպե՞ս է ՀՀԿ-ն խորհրդարան անցկացնելու մինչև վերջ խայտառակված «Օրինաց երկրին» և հատկապես՝ ինչո՞ւ: «Ինչպես»-ի հարցը բարդ չէ: Իշխանությունը ընտրություններին չմասնակցողների բավականին լուրջ ռեսուրս ունի, հավանաբար՝ ավելի շատ, քան մասնակիցների ռեսուրսն է: Հենց նրանց հաշվին էլ մոտ 200 հազար ձայն կարող է նկարել ՕԵԿ-ի օգտին: Մոտ 800 հազար քվեի հավակնող իշխանության համար մեծ խնդիր չէ 1,5 միլիոն քվեարկության «մասնակցողների անունից» քվեներ գրել ՕԵԿ-ի համար:

Քաղաքական մյուս ուժերն ըստ սցենարի պետք է պայքարեն մնացած 500 հազար ձայնի համար: Իսկ ինչո՞ւ է իշխանությանն անհրաժեշտ խորհրդարան անցկացնել թվում է թե բարոյազրկման բոլոր փուլերն անցած քաղաքական այդ ուժին: Բանն այն է, որ ՕԵԿ-ը խիստ անհրաժեշտ է ՀՀԿ-ին: Իշխանությունն արդեն հասկացել է, որ ԲՀԿ-ն իր ձեռքից գնում է, կարծես թե այլևս իշխանություն չունի քաղաքական այդ ուժի վրա: Հասկացել է նաև, որ ԲՀԿ-ի հետ քաղաքական լուրջ «սիրաբանում» է սկսել քվեների խնդիր ունեցող արմատական ընդդիմադիր ՀԱԿ-ը: Հնարավոր է, որ հետընտրական պրոցեսում լուրջ քվեներ հավաքելու դեպքում նույնիսկ մտածեն համատեղ կոալիցիա ձևավորելու մասին:

Նշանակում է՝ իշխանությունը, այսինքն՝ ՀՀԿ-ն, պետք է այնպես անի, որ քաղաքական այդ երկու ուժերը խաղան 500 հազար քվեով, այսինքն՝ միմյանց միջև, ներառյալ ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը», կռիվ տան հենց այդ 500 հազարի համար: բայց հարցն էլ հենց այն է, որ եթե ՀԱԿ-ԲՀԿ-ՀՅԴ համագործակցությունը լուրջ պտուղներ տա, այսինքն, կարողանան միասնաբար վերահսկել և կանխել ընտրակեղծիքները, այսինքն՝ ապացուցի միասնաբար աշխատելու արդյունավետությունը, այն կարող է շարունակվել նաև հետընտրական պրոցեսում: Այսինքն՝ դառնալ կառավարող կոալիցիա:

Ի՞նչ պիտի անի ՀՀԿ-ն: Նա պիտի ՕԵԿ-ին պահի որպես ռեզերվային քաղաքկան ուժ: Որքան էլ վերահսկողությունը ուժեղ լինի, այն չի կարող տարածվել հանրապետության մոտ 800 մանր և միջին համայնքների վրա, որտեղ ընդդիմությունը՝ հանձին ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի և արդեն ԲՀԿ-ի, իշխանություն չունի: Ուրեմն ՀՀԿ-ն որքան էլ քիչ ձայն հավաքի, այդ համայնքների ձայներն իրենն են: Այդ համայնքներից արտագաղթել է բնակչության մոտ կեսը, հենց դրանք են նախևառաջ իրենը:

Ո՞վ է բռնելու ՀՀԿ-ի ձեռքը: Արդեն հայտնի է, որ «Ժառանգությունը» հանրապետության տարբեր տեղամասերում «համակարգչային տեխնիկական վրիպակի պատճառով» մոտ 500 տեղամասային հանձնաժողովի տեղ է հանձնել ՀՀԿ-ին: Նշանակում է՝ վերահսկողության մեկ օղակը պակասեց: Այդպիսի համայնքներում տեղամասային հանձնաժողովների անդամները լինում են խեղճ ու կրակ մարդիկ, որոնք խոցելի սկզբունքներ ունեն, նրանց դժվար չէ գումար առաջարկելը և քվեարկության ընթացքից հեռու պահելը: Բայց այս ամենը դեռ չի բացատրում ՕԵԿ-ի 200 հազար ձայնի ձևավորման փիլիսոփայությունը: Իրականությունն այն է, որ այդ 200 հազարը ֆորս-մաժորային ձայներ են: Եթե ՀՀԿ-ն խիստ վերահսկողության արդյունքում չկարողանա հավաքել 800 հազար քվե, այլ հավաքի, ասենք՝ 600 հազարը, կստեղծվի մի իրավիճակ, երբ 1,5 միլիոն ձայներից 900 հազարն իրենը չէ: Իսկ եթե իրենը չէ, նշանակում է ապագա կոալիցիոն կառավարությունում ինքը եղանակ ստեղծող չէ: Նա ինչ-որ եղանակով պետք է ապահովի ՕԵԿ-ի հենց այդ 200 հազարը, որպեսզի ՕԵԿ-ի հետ կոալիցիա կազմի: ՕԵԿ-ը նրան պետք է կոալիցիոն գործընկերոջ շիրմայի համար: 800 հազարը հաստատ ավել է մնացյալ 700 հազարից: Եվ ըստ ՀՀԿ-ի գծած սցենարի, արդեն կարիք չի լինի կոալիցիա ներքաշել ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին: Չի բացառվում, որ ՀՀԿ-ին միանա նաև «Ժառանգությունը» իր 80 հազար ձայներով (Րաֆֆի Հովհաննիսյանը չի բացառել այդ հնարավորությունը, եթե…) և ջախջախիչ մեծամասնությունը խորհրդարանում ապահովված կլինի: Ահա թե ինչու ՀՀԿ-ն առանց ՕԵԿ-ի ապագա կոալիցիայի գործը չի կարող գլուխ բերել:

Մեկնաբանել