Կայարան երկուսի համար

Ռուս հայտնի գործարար Միխայիլ Ֆրիդմանի «Ալֆա գրուպ» ներդրումային ընկերության А1 ստորաբաժանումը պաշտոնապես հայտարարել է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանը գնելու մտադրության մասին։ Ֆրիդմանն արդեն հայտ է ներկայացրել «Վնեշէկոնոմբանկ»՝ գործարքը ֆինանսավորելու համար։ Օդանավակայանի մյուս հավակնորդը Զիյավուդին Մագոմեդովի «Սումմա» խումբն է։

«Այժմ նախնական փորձաքննություն է ընթանում, որը մեկ-երկու շաբաթ կտևի, այնուհետ համալիր փորձաքննություն կանցկացվի»,– հայտարարել է «Վնեշէկոնոմբանկ»-ի փոխնախագահ Միխայիլ Պոլուբոյարինովը՝ հավելելով, որ օդանավակայանը ներկայում նոր ներդրումների և նոր տերմինալի կարիք ունի։

Նշենք, որ «Դոմոդեդովո»-ի ձեռքբերման երկրորդ հավակնորդը «Սումմա» խումբն է, որը դեռ մարտին էր գործարքի ֆինանսավորման հայտ ներկայացրել ամերիկյան Goldman Sachs բանկ։ Ավելի վաղ՝ հունվարին, օդանավակայանը գնելու մտադրության մասին հայտարարել էր նաև «Ռենովո» խմբի ղեկավար Վիկտոր Վեքսելբերգը։ Սակայն խումբն այդպես էլ ձեռքբերման հայտ չէր ներկայացրել։
Ի դեպ՝ «Դոմոդեդովո»-ն Ռուսաստանի առաջատար օդանավակայանն է՝ սպասարկվող ուղևորների թվով։ 2011թ. օդանավակայանի հասույթը կազմել է 35,77 մլրդ ռուբլի ($1,2 մլրդ), գործառնական շահույթը մինչև հարկումը (EBITDA)՝ 14,95 մլրդ ռուբլի ($505 մլն)։ Հիմնվելով այս ցուցանիշների վրա՝ փորձագետները խոսում են 42% շահութաբերության մասին։

Օդանավակայանը վաճառելու պատճառները չեն մանրամասնվում։ Որպես հնարավոր տարբերակ նշվում է «Դոմոդեդովո»-ի ղեկավարության նոր ծրագիրը, որը նախատեսում է օդանավակայանի շուրջ փոքր քաղաք կառուցել՝ իր բիզնես և լոգիստիկ կենտրոններով, զվարճանքի վայրերով և այլն։