Հայաստանում կմեկնարկեն «Լեհական օրեր»

«Նարեկացի» արվեստի միությունում այսօր կցուցադրվի լեհ հայտնի ռեժիսոր Անջեյ Վայդայի «Կատին» պատմական դրաման: Ֆիլմը պատմում է Հայրենական պատերազմի տարիներին ծավալված իրադարձությունների, մասնավորապես` կատինյան գնդակահարության մասին: Կինոնկարի հիմքում Անջեյ Մուլյարչիկի «Post Mortem – Կատինյան պատմվածք» գիրքն է: Ֆիլմում բացահայտվում են լեհ սպաների ճակատագրերը, ներկայացվում են այն կանանց ապրումները, որոնք սպասում են, չեն հավատում սիրելիների մահին և չեն հուսահատվում: 80-ամյա Անջեյ Վայդայի ֆիլմը, ում հայրը, ի դեպ, Կատինում զոհվածների թվում է եղել, Ռուսաստանում ծայրահեղ հակադիր արձագանքների է արժանացել. հասարակության մի մասը դժգոհել է Վայդայի`այդ ժամանակաշրջանը ներկայացնելու կողմնակալ մոտեցումից: Ինքը` ռեժիսորը, հարցազրույցներից մեկում ասել է, որ չի ցանկացել հակառուսական ֆիլմ նկարել: «Իմ ֆիլմը հակաստալինյան է, հակատոտալիստական»,- ասել է նա:

«Կատին»-ը «Նարեկացի» արվեստի միության եւ Հայաստանում Լեհաստանի դեսպանության կողմից համատեղ անցկացվող «Լեհական կինոտարի» փառատոնի շրջանակում ներկայացված երկրորդ ֆիլմն է: Անցյալ ամիս ցուցադրվել է Յուլիուշ Մաուլսկու «Վա-բանկ» դրամատիկ կատակերգությունը, իսկ մինչև տարեվերջ կներկայացվի տասը լեհական հին ու նոր ֆիլմ` հայերեն թարգմանությամբ: Կինոտարվա դիտումները տեղի են ունենում յուրաքանչյուր ամսվա վերջին հինգշաբթի օրը և ուղեկցվում են կինոգետի կամ կինոգործչի կողմից վարվող քննարկումներով: Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է:

Այս օրերին մեկնարկում են նաեւ «Լեհական օրերը Հայաստանում»: Նախագծի շրջանակներում կանցկացվեն լեհական երաժշտությունը, գրականությունը և կինոն ներկայացնող մի շարք միջոցառումներ:

Լեհական օրերի շրջանակներում ամենամեծ իրադարձությունը կլինի «Պրոմնի» երիտասարդական ժողովրդական անսամբլի համերգը «Արամ Խաչատրյան» համերգասրահում մայիսի 11-ին, իսկ 12-ին այն ելույթ կունենա նաև «Եվրոպայի օրվա» շրջանակներում:

Մեկնաբանել