Արգենտինան որոշեց ազգայնացնել YPF-ն

Եթե մայիսի 3-ին օրինագծին կողմ քվեարկվի նաև խորհրդարանի ստորին պալատը, ապա իսպանական Repsol-ը կզրկվի Արգենտինայի խոշորագույն նավթային ընկերության վերահսկողությունից։

Հիշեցնենք, որ YPF ազգայնացման մասին օրինագիծը ապրիլի 16-ին խորհրդարան էր ներկայացրել երկրի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները։ Օրինագիծը նախատեսում է YPF-ի 51%-ի ազգայնացումը։ Օտարված ակտիվները գրեթե հավասարապես բաշխվելու են դաշնային կառավարության և շրջանային իշխանությունների միջև։

YPF-ի ազգայնացման միջոցով Կիրշները մտադիր է ամրապնդել իր քաղաքական դիրքերը։ Ընկերությունն ամբողջությամբ ազգայնացնելու գաղափարը լայն աջակացություն է գտել երկրի բնակչության մեծ մասի շրջանում, որը համաձայն է Կիրշների «էներգետիկ անկախության» մասին թեզի հետ։

«Սա քմահաճույք չէ և ոչ էլ պատահական միջոցառում։ Սա տրամաբանական քայլ է, որն արտացոլում է էներգետիկ քաղաքականությունում շուկայական եկամուտները հետ վերադարձնելու անհրաժեշտությունը»,- հայտարարել է սենատոր Մարցելո Ֆուենտեսը։

Անցած տարի Արգենտինայի առևտրային հաշվեկշռի պրոֆիցիտը զգալիորեն կրճատվել է էներգակիրների ներկրման ավելի մեծ ծավալների շնորհիվ։ Ներկայում նավթի և բնական գազի արդյունահանման ծավալների մեծացումը Կրիշների համար դարձել է առաջնահերթություն։ 

Փորձագետների կարծիքով, այդուհանդերձ, բարդ կլինի հասնել արտադրության ծավալների աճին. անցած տարի նավթագազային հանքավայրերի վերամշակման մեջ կատարված ներդրումների ծավալն ավելացել է $400 մլն-ով՝ մինչև $1,69 մլրդ, սակայն նավթի արդյունահանումը նվազել է մինչև 11,25 մլն խմ։

Նշենք, որ YPF-ն հիմնվել է 1922թ.` որպես պետական ընկերություն։ Մասնավորացվել է 1990-ականների սկզբին։ 1999թ. այն գրեթե ամբողջությամբ անցել է Repsol-ի վերահսկողության ներքո։ Ներկայում իսպանական ընկերությունը տնօրինում է YPF-ի բաժնետոմսերի 57%-անոց փաթեթը։