ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, ըստ օրակարգի`««Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը զեկուցել է Աշտարակ-Թալին, Երևան-Արարատ և Երևան-Աշտարակ ճանապարհների վերակառուցման ու բարելավման շինարարական աշխատանքների իրականացման կապալառուի, ինչպես նաև ծրագրի կառավարման խորհրդատուի հետ կնքվելիք պայմանագրերի մասին: Նա մանրամասներ է ներկայացրել պայմանագրային բանակցությունների ընթացքի և ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ: Խորհուրդը հաստատել է վերակառուցման ու բարելավման կապալառուի և ծրագրի կառավարման խորհրդատուի բանակցված պայմանագրերը, հանձնարարել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը` պայմանագրեր կնքել «Corsan Corviam Construccion S.A.» կազմակերպության, Սաֆեժ (Ֆրանսիա) ու Էպտիսա (Իսպանիա) համատեղ ձեռնարկության հետ և ներկայացնել դրանք ՀՀ կառավարության հաստատմանը:
Հաջորդիվ քննարկվել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի վերաբերյալ եռաչափ (3D) մոդելավորմամբ տեսահոլովակի պատրաստման հարցը: Խորհուրդը հանձնարարել է ««Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ին պայմանագիր կնքել «Եռաչափ մոդելավորման ուսումնական կենտրոն» ՍՊԸ-ի հետ` նախնական 60 վայրկյան տևողությամբ տեսահոլովակ նկարահանելու համար, ինչպես նաև ԱԶԲ ընթացակարգերի համաձայն իրականացնել կազմակերպության ընտրության մրցույթ` 7-10 րոպեանոց եռաչափ մոդելավորմամբ տեսահոլովակ պատրաստելու նպատակով: