Չինաստանը գնում է Եվրոպան


Պարտքային ճգնաժամի ամենաթեժ պահին Եվրամիությունում տագնապալի տեղեկություններ հայտնվեցին՝ «Չինացիները գնում են Եվրոպան»,– ռուսական «Կոմերսանտ»-ում գրում է Մոսկվայի Կառնեգի կենտրոնի տնօրեն Դմիտրի Տրենինը։

Իսկապես, միայն 2010թ. չինացիները եռապատկել են իրենց եվրոպական ակտիվները։ Այդուհանդերձ, Եվրամիության 27 երկրում չինական ուղղակի ներդրումների ընդհանուր ծավալը չի գերազանցում €1 մլրդ-ը։ Չինական ներդրումները կենտրոնացած են հիմնականում Լյուքսեմբուրգում, Գերմանիայում, Շվեդիայում և Մեծ Բրիտանիայում։ Համեմատության համար նշենք՝ ամերիկացիները, որոնց ներդրումների ծավալը նույն 2010թ. կրճատվել է ԵՄ երկրներում՝ մեկ տարվա ընթացքում այստեղ €28,5 մլրդ-ի ակտիվներ են ձեռք բերել։

Կարևորը, սակայն, միտումն է։ Չինաստանը ներդրումային էքսպանսիայի է ձեռնամուխ եղել աշխարհի զարգացած հատվածում։ Ընդ որում՝ եվրոպացիներին դուրս քաշել պարտքային փոսից Չինաստանը չի էլ պատրաստվում։ Պրագմատիկ Պեկինը Եվրոպային բարոյական աջակցություն է ցուցաբերում. նա անգամ խոստացել է մասնակցել միջազգային ֆինանսական ինստիտուտների՝ եվրոգոտու երկրներին օգնության տրամադրման համատեղ ջանքերին։ Այդուհանդերձ, սեփական արժութային պահուստները (ամենամեծը՝ աշխարհում) արևմտյան հարուստ երկրներին աջակցելու համար ծախսել մտադիր չէ։ Բավական է այն, որ Չինաստանը գնում է Գերմանիայի պետական պարտատոմսերը՝ դրանով իսկ օգնելով դրանց տոկոսադրույքները պահել ռեկորդային ցածր մակարդակում և անուղղակիորեն աջակցելով Բեռլինին ԵՄ ֆինանսական ճգնաժամի դեմ պայքարում։

Չինաստանն ու Եվրոպան նախևառաջ առևտրային խոշորագույն գործընկերներ են։ Նրանց երկկողմ առևտրի օրական շրջանառությունը գերազանցում է €1 մլրդ-ը։ Չինաստանի տարեկան ապրանքաշրջանառությունը միայն Գերմանիայի հետ €200 մլրդ է կազմում։ Volkswagen-ին բաժին է ընկնում չինական ավտոշուկայի ավելի քան 1/4-ը։ Այն նույն պահին, երբ Չինաստանի Պետխորհրդի վարչապետ Վեն Ցզյաբաոն Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի հետ բացում էր աշխարհի խոշորագույն Հանովերյան ցուցահանդեսը, Պեկինում սկսեց գործել Չինաստանի խոշորագույն ավտոսրահը։ Իսկ նախօրեին հայտարարվեց, որ Volkswagen-ը Չինաստանում կներդնի €14 մլրդ՝ իր արտադրանքի աճող պահանջարկը բավարարելու համար։

Հատկանշական է, որ Չինաստանի վարչապետ Վեն Ցզյաբաոյի՝ անցյալ շաբաթվա վերջին մեկնարկած և երեկ ավարտված այցը Եվրոպա արդեն վեցերորդն է վերջին ութ տարիներին։ Շուտով եվրոպացիները կընդունեն նրա ժառանգորդին՝ ներկայիս փոխվարչապետ Լի Կեցյանին։