Թիմ Կուկը Windows 8-ը համեմատել է տոստերի հետ

Պատասխանելով պլանշետի և ավանդական անհատական համակարգիչների հատկությունները միավորող սարքավորումների մասին լրագրողներից մեկի հարցին, Կուկը հայտարարել է, որ «դրանում առանձնապես իմաստ չի տեսնում»։ Միաժամանակ՝ նա Microsoft-ի Windows 8 օպերացիոն համակարգը համեմատել է տոստերի և սառնարանի հիբրիդի հետ՝ նշելով, որ համանման արտադրանքը դժվար թե գրավիչ լինի սպառողների համար։

Կուկի այս հայտարարությանն անմիջապես շտապել են արձագանքել բլոգերները։ Բառացիորեն մի քանի րոպե անց Twitter-ում FridgeToaster անվամբ օգտահաշիվ է ստեղծվել, որում տեղադրվել է Apple-ի ղեկավարի խոսքը։

FridgeToaster-ի կատակին ի պատասխան՝ Microsoft-ի փոխնախագահ Ֆրենկ Շոուն գրել է, որ Windows 8-ը, ըստ էության, իսկապես տոստեր է, սակայն ոչ թե սառնարանի, այլ վառարանի հետ համադրությամբ, քանի որ այս սարքավորումներն ավելի տարածված են։

Ինչ վերաբերում է Apple-ի զուտ ֆինանսական ցուցանիշներին, հիշեցնենք, որ 2012թ. հունվար-մարտ ամիսներին Apple-ի զուտ շահույթն ավելացել է 94%-ով՝ կազմելով $11,6 մլրդ կամ $12,3՝ մեկ բաժնետոմսի դիմաց՝ 2011թ. նույն ժամանակահատվածի $5,99 մլրդ-ի և $6,4-ի համեմատ։ Հաշվետու ժամանակահատվածում ընկերության շահույթը 2011թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների համեմատ նվազել է 11%-ով, քանի որ Սուրբ ծննդյան տոներին նախորդող շրջանում Apple-ի վաճառքներն ավանդաբար իրենց բարձրակետում են։ Ընկերության եռամսյակային շահույթն ավելացել է 59%-ով՝ $24,7 մլրդ-ից հասնելով $39,2 մլրդ-ի։