Շարմազանովն արձագանքել է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարություններին

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր հանդես է եկել մեկնաբանությամբ՝ անդրադառնալով Թուրքիայի ԱԳՆ-ի քննադատական գնահատականներին` ուղղված ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի և Ֆրանսիայի նախագահության թեկնածու Ֆրանսուա Օլանդի` Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ արված հայտարարություններին:

«Հայաստանը ողջունում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, մարդկության դեմ ուղղված ոճիրների դատապարտումը և դրանց ժխտման քրեականացումը: Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության փաստի քննարկման Թուրքիայի առաջարկին, ապա ևս մեկ անգամ նշեմ, որ Հայոց ցեղասպանության փաստը որևէ պարագայում երբեք քննարկման առարկա չի կարող դառնալ: Հայ-թուրքական բնականոն հարաբերությունների հաստատման համար միակ խոչընդոտը Թուրքիան է, որը շարունակում է շրջափակման մեջ պահել Հայաստանի Հանրապետությունը, նախապայմաններով խոսել իր հարևանի հետ եւ շարունակաբար ժխտել Հայոց ցեղասպանության փաստը»,-ասել է Շարմազանովը:

Ըստ նրա` հայ-թուրքական կարգավորում հնարավոր է միայն այն դեպքում, երբ Թուրքիան վերջ դնի վերոնշյալ կեցվածքին և կատարի իր ստանձնած միջազգային պարտավորությունները: Այս մասին ասված է ԱԺ փոխնախագահի կայքում տեղադրված հաղորդագրությունում:

Մեկնաբանել