Ուկրաինայի ԱԳՆ-ն բողոքում է վարկաբեկիչ հոլովակի դեմ

Ուկրաինացի պաշտոնյաները բողոքում են իրենց երկիրը վարկաբեկող հոլանդական գովազդային հոլովակի դեմ: Այն կոչ է անում հոլանդացի կանանց` ամուսիններին թույլ չտալ  մեկնել Ուկրաինա Եվրո-2012-ին մասնակցելու նպատակով:

Հոլանդական հեռուստաալիքներից մեկով հեռարձակվող «Պահիր նրան տանը» գովազդային հոլովակում երևում է, թե ինչպես Google-ում «ukrainian woman» որոնողական հարցում անելուց հետո բացվում են կիսամերկ ուկրաինուհիների բազմաթիվ նկարներ, այնուհետև կադրի հետևում հնչող ձայնը առաջարկում է համաձայնագիր կնքել ընկերություններից մեկի հետ և որպես նվեր ստանալ տնային գարեջրատուն: Դա, սյուժեի հեղինակների կարծիքով, անիմաստ կդարձնի ուղևորությունը դեպի Ուկրաինա և Լեհաստան ֆուտբոլի առաջնությունը դիտելու համար:

«Մենք այս տեսահոլովակը համարում ենք խտրականություն պարունակող և ազգամիջյան երկպառակություն հրահրող: Այն անարդար է Ուկրաինայի և ուկրաինացիների նկատմամբ: Մենք դատապարտում ենք նման կարգի գովազդը և պահանջելու ենք, որ այն հեռացվի հեռուստատեսությունից», – ասել է Ուկրաինայի ԱԳՆ խոսնակ Ալեքսանդր Դիկուսարովը: