Հայաստանում կներդրվի սոցիալական ծառայության ինստիտուտ

Հայաստանում կներդրվի ինտեգրացված սոցիալական ծառայության ինստիտուտ: Այս մասին վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է Երևանում մեկնարկած «Սոցիալական աշխատանքն արդի սոցիալական բարեփոխումների համատեքստում. իրականություն և հեռանկարներ» թեմայով խորհրդաժողովում: Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, վարչապետն ասել է, որ սոցիալական ծառայողը պետք է կարողանա բացահայտել այդ ընտանիքին հուզող հիմնախնդիրները և առաջարկել այնպիսի լուծումներ, որոնք նրա համար օգտակիր կլինեն: <<Այս որակական փոփոխությունը կարիք ունի մանրակրկիտ քննարկման: Այդ առումով միջազգային փորձի փոխանակումը մեզ համար ունի առարկայական նշանակություն»,- նշել է վարչապետը:

Կառավարության ղեկավարի խոսքով, ՀՀ-ում այսօր առկա 120 հազար սոցիալապես խոցելի ընտանիքներից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները: Նա հավելել է, որ սոցիալական ծառայողների վերապատրաստման խնդիրները մոտակա տարիներին կլինեն կառավարության ուշադրության տակ:

Տիգրան Սարգսյանի կարծիքով, սոցիալական անհավասարության պատճառն առաջին հերթին պայմանավորված է որակյալ կրթության անհասանելիությամբ և աշխատատեղերի բացակայությամբ:

Երևանի պետական և մանկավարժական համալսարանները ներկայումս պատրաստում են սոցիալական ծառայողներ և, Տիգրան Սարգսյանի խոսքով, անհրաժեշտություն կա արդիականացնելու դասավանդումը` միաժամանակ հաշվի առնելով միջազգային փորձը:

Մեկնաբանել