Բուդապեշտն ԱՄՀ-ից և ԵՄ-ից €20 մլրդ կխնդրի

«ԱՄՀ-ից և ԵՄ-ից Հունգարիան կարող է €20 մլրդ-ի վարկ խնդրել»,- հայտարարել է Ռոգանը՝ հավելելով, որ փոխառությունների տրամադրման մասին պայմանավորվածությունը ձեռք կբերվի մինչև հունիսի վերջ։

Հատկանշական է, որ ֆինանսական հնարավոր օգնության մասին առաջին լուրերը հաջորդեցին Բուդապեշտի հետ ԵՄ-ի բանակցությունների վերսկսման մասին հայտարարությանը, որն արվեց ապրիլի 25-ին։ Միության իշխանությունները նախօրեին նշեցին, որ Հունգարիայի իշխանությունները ձեռնարկել են համապատասխան բոլոր միջոցառումները և վճռականություն են հանդես բերել՝ ԵՄ-ի օրենքներով առաջնորդվելու համար։

Հիշեցնենք, որ ԵՄ-ի և Բուդապեշտի միջև մի քանի ամիս շարունակվող վեճը կապված է Հունգարիայի իշխանությունների՝ երկրի սահմանադրությունում կատարած փոփոխությունների հետ, որոնց համաձայն՝ Բուդապեշտի վերահսկողությունը Կենտրոնական բանկի նկատմամբ ավելի էր մեծանում։ Ձմռանը ԵՄ-ն դադարեցրեց այս երկրին ֆինանսական օգնության տրամադրման շուրջ բանակցությունները։

Բացի այդ՝ եվրապաշտոնյաները պահանջներ ունեն Հունգարիայի բյուջեի դեֆիցիտի հետ կապված։ 2012թ. հունվարի սկզբին ԵՄ իշխանությունները եզրակացրին, որ Բուդապեշտը չի ձեռնարկում անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ այս ցուցանիշը նորմայի սահմանում պահելու համար։ Ավելի ուշ Եվրահանձնաժողովն առաջարկեց Հունգարիային զրկել մոտ կես միլիարդ եվրո օգնությունից։

Ապրիլի կեսին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարեց, որ իր երկիրը Եվրոպական դատարանում կարող է դատի տալ ԵՄ-ին։ Օրբանի խոսքով՝ ԵՄ-ն զբաղվում է քաղաքական շանտաժով՝ Բուդապեշտին պարտադրելով բարեփոխումներից հրաժարում։

Մեկնաբանել