Փաշինյանի ճանապարհային քարտեզը․ ինչ է արվել և ինչ չի արվել

նիկոլ փաշինյան - nikol pashinyan

Նոյեմբերի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախյան երկրորդ պատերազմում պարտությունից հետո ներքին համերաշխությունը վերականգնելու համար 15 կետից բաղկացած ճանապարհային քարտեզ ներկայացրեց։ Դրանք վերաբերում էին կառավարության առաջիկա անելիքներին։ ՍիվիլՆեթն ուսումնասիրել է, թե այս կետերից յուրաքանչյուրի մասով ինչ է կատարվել։

– Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով՝ Արցախի կարգավիճակի և իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընդգծմամբ:

Դեկտեմբերին Մինսկի խմբի համանախագահներն այցելեցին տարածաշրջան։ Ադրբեջանում նրանք սառը ընդունելության արժանացան Իլհամ Ալիևի կողմից։ Ալիևը հայտարարեց, որ հակամարտությունը լուծվել է, մեղադրեց Փաշինյանին՝ բանակցությունները տապալելու մեջ։ Հայաստան կատարած այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը համանախագահների հետ քննարկել էր Արցախի կարգավիճակի հստակեցմանն ու ՄԽ ձևաչափով բանակցությունների վերսկսմանն առնչվող հարցեր։ Պատերազմից հետո առաջին բանակցությունները Ադրբեջանի նախագահի հետ, սակայն կայացան ոչ թե Մինսկի խմբի, այլ ՌԴ նախագահի նախաձեռնությամբ ու հովանու ներքո։

ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարեց, որ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը պետք է շարունակվի։ Գործնականում, սակայն, այս ձևաչափի ապագան անորոշ է։

– Ապահովել արցախցիների վերադարձը իրենց հայրենի օջախներ: Ամբողջությամբ վերականգնել Արցախի բնականոն կյանքը: ԼՂ իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքների վնասված տների, բնակարանների և ենթակառուցվածքների վերականգնում:

Փետրվարի 3-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտարարեց՝ հրադադարի հայտարարությունից հետո Արցախ է վերադարձել ավելի քան 100 000 մարդ։ Առաքելյանը նաև նշեց, որ Արցախում պատերազմի հետևանքով շարքից դուրս եկած ենթակառուցվածքները ամբողջովին վերականգնվել են՝ գազամատակարարումը, էլեկտրամատակարարումն ու հեռահաղորդակցությունը։

Կառավարությունը նոյեմբերի 9-ից հետո սոցիալական աջակցության ութ ծրագիր է հաստատել։ Դրանք վերաբերում են Արցախից տեղահանված քաղաքացիներին, Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում գրանցված քաղաքացիներին, արցախցիներին Հայաստանի տարածքում հյուրընկալողներին, պատերազմի հետևանքով զոհված քաղաքացիական անձանց ու հաշմանդամություն ձեռք բերած անձանց, անշարժ գույք կորցրած արցախցիներին, արցախցի ուսանողներին, անհետ կորած զինծառայողների ընտանիքներին։ Արցախի բնակչությանը տրամադրված ուղղակի օգնությունը, ըստ Մեսրոպ Առաքելյանի, կազմել է ավելի քան 15 միլիարդ դրամ։

Հունվարի 23-ին Աառաքելյանը Արցախում հանդիպել էր նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և Արցախի կառավարության ներկայացուցիչների հետ, քննարկել բնակարանաշինությանն առնչվող հարցեր։ Փետրվարի 8-ին Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը, սակայն, հայտարարեց՝ «նոյեմբերից ի վեր խոշոր ֆինանսական ռեսուրս չի ներգրավվել Արցախի բնակարանաշինության ծրագրերում»։

– Զոհված զինծառայողների և քաղաքացիների ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում։

Զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական ապահովության համար 2017-ին ստեղծվեց զինծառայողների ապահովագրության հիմնադրամը, որը միանվագ և ամսական կտրվածքով աջակցություն է ցուցաբերում զոհված զինծառայողների, կամավորների ընտանիքներին և վիրավորներին։ Պատերազմի հետևանքով հազարավոր զոհերի և վիրավորների առկայությունը կառավարությանը ստիպեց վերանայել զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կատարվող վճարումների չափը, որը խորհրդարանի կողմից համապատասխան նախագծով ավելացավ։ Վիրավոր զինծառայողները նաև 500 000 դրամի չափով աջակցություն կարող են ստանալ կառավարությունից։

Բացի այդ, պատերազմի հետևանքով զոհված և վիրավորված քաղաքացիական անձանց համար կառավարությունը հաստատել է որոշում, ըստ որի, 5 միլիոն դրամի չափով զոհվածի ընտանիքը աջակցություն է ստանալու։ Հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիական անձինք ևս պետությունից դրամական օգնություն կստանան՝ առաջին աստճանի հաշմանդամության համար 3 միլիոն դրամ, երկրորդ կարգի համար՝ 2 միլիոն, իսկ երրորդ կարգի համար 1 միլիոն դրամի չափով։

– Պատերազմական գործողությունների ընթացքում ՀՀ տարածքում տուժած բնակելի և հանրային կառույցների և ենթակառուցվածքների վերականգնում:

Սյունիքի մարզի Շուռնուխ ու Որոտան համայնքներում որոշ թաղամասեր անցել են ադրբեջանական վերահսկողության ներքո՝ սահմանազատման գործընթացից հետո։ Կառավարության ֆինանսավորմամբ ներկայում նոր տներ են կառուցվում Շուռնուխում։ Բացի այդ, անշարժ գույքը կորցրած որոտանցիներն ու շուռնուխցիները միանվագ 300 000 դրամ աջակցություն են ստանում և վեց ամսվա կտրվածքով՝ 68 000 դրամի օգնություն։

– Հաշմանդամություն ստացած զինծառայողների սոցիալական երաշխիքների, պրոթեզավորման գործընթացի և մասնագիտական վերապատրաստման ապահովում։

Ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված զինածառայողները ևս օգտվում են զինծառայողների ապահովագրության հիմնադրամի միջոցներից՝ ստանալով ամսական գումար։ Հունվարի 21-ին կառավարությունը վիրավորների պրոթեզավորման հետ կապված որոշում ընդունեց՝ ստեղծել մասնագիտական թիմ, որը կայցելի պրոթեզավորման կարիք ունեցող զինծառայողներին, բուժզզնում կիրականացնի ու կպարզի պրոթեզի տեսակի, դետալի մանրամասներն ու պետության կողմից կտրամադրվի հավաստագիր։

Ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ պրոթեզավորման կարիք ներկայում ունեն 115 զինծառայողներ։ ՍիվիլՆեթը պաշտպանության նախարարությունից հետաքրքրվել էր, թե քանի զինծառայող կա, որոնց բուժումը կարող է իրականացվել բացառապես արտերկրում։ ՊՆ-ն սակայն հրաժարվել է տեղեկություններ տրամադրել այս մասին։

– Գերեվարված զինվորականների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձ: Նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում: Անհետ կորածների ճակատագրերի շուտափույթ պարզաբանում: Նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում:

– Նիկոլ Փաշինյանի ճանապարհային քարտեզի հրապարակումից հետո Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի հատվածում տեղի ունեցած միջադեպի հետևանքով գերեվարվեցին հայկական զինուժի 64 զինծառայողներ։ Ներկայում պատերազմի օրերին և հրադարի համաձայնությունից հետո ադրբեջանական զինուժի կողմից գերեվարվածների հստակ թիվ չկա։

Դեկտեմբերի 15-ին ՀՀ վերադարձվեց 44 գերի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք։ Դեկտեմբերի 28-ին ևս չորս գերիներ վերադարձավ, փետրվարի 9-ին՝ ևս հինգը։ Հունվարի 11-ին Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումից հետո, սակայն, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ռազմագերիների հարցը լուծել չի հաջողվել։ Հրադադարի հայտարարությունից հետո գերեվարված անձանց Իլհամ Ալիևը համարել է «ահաբեկիչներ»։ Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան մոտ 180 գերիների հետ կապված հայցեր է ներկայացրել։

Գերիների և անհետ կորածների ընտանիքներին օգնելու համար կառավարությունը նաև որոշում ընդունեց՝ ամեն ամիս նրանց 300 000 դրամ վճարելու մասին։

– Պատերազմին մասնակցած անձանց և ընդհանուր առմամբ հանրության հոգեբանական ռեաբիլիտացիայի համակարգի ձևավորում:

Փետրվարի 4-ին կառավարությունը հանրության հոգեբանությանը վերականգնելու մի միջոցառում հաստատեց։ Թիրախային խումբը անհետ կորած անձանց հարազատներն են, գերության մեջ գտնվող անձինք ու նրանց հարազատները, վիրավորում ստացած անձինք ու նրանց ընտանիքի անդամները, զոհված անձանց ընտանիքի անդամները, կամավորականները, տեղահանվածները և այլք։ Վերջիններս ըստ ցանկության մասնակցելու են հոգեթերապիայի կուրսերի։

– Զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատում և բարեփոխումների մեկնարկ:

– Ճանապարհային քարտեզի այս կետի հետ կապված որոշակիություն չկա։ Վաղարշակ Հարությունյանին ԶՈՒ բարձրագույն սպայակազմին ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ «ակնհայտ է, որ բանակի և Զինված ուժերի բարեփոխումների անհրաժեշտության առաջ ենք կանգնած: Եվ այլ հարց է, թե այդ բարեփոխումներն ինչ տրամաբանությամբ պետք է ընթանան, ինչ ժամանակացույցով պետք է ընթանան, ինչ հարցերի պետք է անդրադառնան: Շատ կարևոր է, որ մեր բանակում և Զինված ուժերում եղած առողջ ու մրցունակ ավանդույթները, տրամաբանությունը չվնասելով՝ կարողանանք կառուցել նոր տրամաբանություն, նոր մարտավարություն, նոր ռազմավարություն»։

Թե ինչ բարեփոխումների ծրագրեր են իրականացվելու, դեռ չի հայտարարվել։

– Կորոնավիրուսի համավարակի հաղթահարում և դրա հետևանքների վերացում:

Հայաստանում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը։ Մասնավորապես, կառավարությունը ձեռք է բերել, ու թիրախային խմբերը պատվաստվելու են ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Սիվիլնեթին հայտնել է, որ դիտարկում են նաև բրիտանական Astrazeneca ընկերության պատվաստանյութերի ձեռքբերումը։

– Տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնում:

Ճանապարհային քարտեզի այս կետը դեռևս չափելի չէ, քանի որ 2021-ի եռամսյակային ցուցանիշերը դեռևս առկա չեն։ Ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի՝ 2020-ի դեկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է մոտ 9 տոկոսով։ Այս ընթացքում փոխվեց էկոնոմիկայի նախարարը՝ Վահան Քերոբյանն այդ պաշտոնում փոխարինեց Տիգրան Խաչատրյանին։

Քերոբյանը առևտրատնտեսական համագործակցությա հարցեր քննարկելու նպատակով արդեն եղել է Իրանում։ Վերջին ամիսներին, սակայն, որևէ խոշոր ներդրումաին ընկերության՝ հայաստանյան շուկա մուտքի մասին տեղեկություններ չկան։

– Ժողովրդագրական խնդիրների լուծման ծրագրերի ակտիվացում

Ժողովրդագրական խնդիրների լուծման ճանապարհին նոր ծրագրերի մասին տեղեկություններ առկա չեն։ 2021-ի բյուջեով, սակայն, «ժողովրդագրական վիճակի բարելավում» ծրագրով պետբյուջեից հատկացումներն ավելացել են 7,2 միլիարդ դրամով։

– Ընտրական օրենսգրքի փոփոխությունների և կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունում։

Հայաստանի իշխանությունները ճանապարհային քարտեզի իրագործման վերջնարդյունքում ակնարկում էին խորհրդարանական արտահերթ ընտրությունների կազմակերպման մասին։ ԱԺ մեծամասնություն «Իմ քայլ»-ը խմբակցությունը սակայն փետրվարի 8-ին հայտարարեց՝ արտահերթ ընտրությունների առաջարկը դրական վերաբերմունք չի գտել խորհրդարանական ընդդիմության ու հանրային լայն շերտերի շրջանում։ Օրենքի նախագիծը մշակվում էր մինչ պատերազմը, սակայն պատերազմի պատճառով քննարկումները կանգ առան։ Օրենքը վերջերս ընդունվեց։ Օրենսդրական փոփոխությունն առաջին հերթին վերաբերում է կուսակցությունների ֆինանսավորման մեխանիզմին։ Նոր օրենքով բիզնեսը չի կարողանա ֆինանսավորել կուսակցություններին, իսկ անհատական նվիրատվությունների թույլատրելի չափը նվազում է։ Կուսակցությունների ղեկավար մարմնի անդամները նաև կսկսեն գույքի, եկամուտների ու ունեցվածքի հայտարարագիր ներկայացնել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։

Ընտրական օրենսգիրքը դեռևս խորհրդարանում չի քննարկվել։

– Մասնագիտացված դատավորների ինստիտուտի ներդրում՝ որպես հակակոռուպցիոն դատարանի ստեղծման առաջին քայլ: Ապօրինի գույքի բռնագանձման օրենքի կիրարկման մեկնարկ:

Հունվարի 14-ին կառավարության նիստում ընդունվեց մասնագիտական դատավորների ինստիտուտ ներդնելու համապատասխան օրենքի նախագիծ, որ հետագայում ընդունվեց խորհրդարանի կողմից։ Այդպիսով, ներդրվեցին մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացված դատավորների ինստիտուտն ու կոռուպցիայի հետ կապված գործերում մասնագիտացված դատավորների ինստիտուտին։ Սա, ըստ կառավարության, հնարավորություն է տալու ավելի ճշգրիտ օգտագործել դատարանների ռեսուրսները։ Սա ենթադրում է նաև դատավորների կազմի համալրում։

Ինչ վերաբերում է ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի կիրառմանը, այս մասով նորություններ չկան, հարուցված վարույթների մասին տվյալներ ևս առկա չեն։

– Հայաստանի քաղաքական և քաղաքացիական համայնքի ներկայացուցիչների հետ մշտական թեմատիկ խորհրդակցությունների անցկացում

Նիկոլ Փաշինյանը քաղաքական ուժերի հետ հանդիպումների շարք մեկնարկեց դեկտեմբերին և հունվարին, որի առանցքում խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցությունն էր։ Փաշինյանը հանդիպեց խորհրդարանական ընդդիմության՝ ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի ղեկավարներին, սակայն հանդիպումներից հետո ընդդիմադիրները հայտնել էին Փաշինյանի վարչապետությամբ ընտրությունների գնալու անընդունելիության մասին։ Բացի այս, Փաշինյանը հանդիպեց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանին, «Միավորված աշխատանքային կուսակցության» ղեկավար Գուրգեն Արսենյանին, «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչներ Սուրեն Սահակյանին ու Գոռ Հակոբյանին, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանին։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպում Փաշինյանը չի ունեցել։

– Սփյուռքի հայկական կառույցների և առանձին անհատների հետ մշտական թեմատիկ խորհրդակցությունների անցկացում։

Պատերազմից հետո պաշտոնական լրահոսում որևէ տեղեկություն չկա Նիկոլ Փաշինյանի ու սփյուռքյան կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումների մասին։ Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատարին վերաբերող պաշտոնական լրահոսում ևս նման հանդիպումների մասին լուրեր առկա չեն։

Մեկնաբանել