Զախարովան մեկնաբանել է ադրբեջանցիների կողմից Ավետարանոց գյուղում հուշարձանի պղծումը

Հուշարձանների ցանկացած պղծում անթույլատրելի է։ Այս մասին փետրվարի 11-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Արցախի գրավված Ավետարանոց գյուղում ադրբեջանցիների կողմից Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին նվիրված հուշարձանի պղծմանը։

«Հուշարձանների պղծման վերաբերյալ մեր սկզբունքային դիրքորոշումը քաջ հայտնի է: Հուշարձանների ցանկացած պղծում անթույլատրելի է, իսկ երբ խոսքը վերաբերում է Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձաններին, ապա այստեղ սկզբունքորեն ոչ մի այլ դիրքորոշում չի կարող լինել։ Ընդհանուր առմամբ, և Մոսկվայում, և Բաքվում, և Երևանում պետք է հիշել, որ Հայրենական մեծ պատերազմը և դրանում հաղթանակը մեր ժողովուրդների ձեռքբերումն է։ Եվ մենք բոլորս միասին պետք է արձագանքենք վանդալիզմի ակտերին կամ այդ իրադարձությունների հերոսների հուշարձանները պղծելուն ոչ միայն առանձին դեպքերում, այլ միշտ»,- ասել է նա։

Զախարովայի խոսքով՝ Ադրբեջանից իրեն հավաստիացրել են, որ Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին նվիրված հուշարձանների և գերեզմանատների ավերման, վանդալիզմի ակտերը ժամանակին արձանագրվել են: Ըստ ադրբեջանական կողմի՝ նման գործողությունների բացահայտման ուղղությամբ կատարվում է հետաքննություն։ Նրանք վստահեցրել են, որ վանդալիզմի հեղինակները «ենթարկվում են պատասխանատվության»։

«Ես շատ կցանկանայի, դա իմ անկեղծ ցանկությունն է ոչ միայն որպես արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ, այլ նաև պարզապես քաղաքացիական դիրքորոշում, որպեսզի մենք միայնակ չլինենք հուշարձանների նկատմամբ պղծման, վանդալիզմի դեմ պայքարելու մեր փորձերի մեջ, որպեսզի մենք միասնական լինենք: Կարծում եմ, որ 21-րդ դարի ցանկացած նման սարսափելի երևույթ պետք է դատապարտվի բոլոր այն պետությունների կողմից, որոնց ժողովուրդները տվել են իրենց կյանքը, որպեսզի մենք ձեզ հետ ունենանք ապագա։ Այնպես որ, եկեք բոլորս միասին այդ ուղղությամբ աշխատենք»,- նշել է Մարիա Զախարովան։