ՀՀ կառավարությունը թեթևացնում է ՓՄՁ հարկային բեռը

ՀՀ կառավարության այսօրվա նիստում նկատի առնելով այն հանգամանքը, որ 2011 թ. դեկտեմբերի 7-ին ՀՀ Ազգային ժողովի ընդունած և 2012 թ. ապրիլի 1-ից ուժի մեջ մտած «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու օրենքում առաջին անգամ արտոնագրային վճար վճարելու ժամկետների առումով կարգավորումներ տրված չեն, կառավարությունն արձանագրել է, որ նշված օրենքի 7-րդ հավելվածի 1-ին կետով սահմանված գործունեության տեսակների համար նախատեսված արտոնագրային վճարը 2012 թվականին առաջին  անգամ (2012 թ. երկրորդ եռամսյակի համար) կարող է վճարվել եռամսյա ժամանակահատվածի համար առաջին արտոնագրի գործողության ժամկետում` մինչև 2012 թ. հունիսի 1-ը ներառյալ։  Ինչպես տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը, որոշմամբ կարգավորվում են «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված հարկման մոտեցումները` կապված դրույքաչափերի, վճարումների կատարման պարբերականության հետ։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս հարցը փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստում բարձրացրել են խորհրդի անդամները։ «Սա իրականում հարկային բեռի հերթական թեթևացումն է փոքր բիզնեսի համար, – շեշտել է կառավարության ղեկավարը։ – Արտոնագրային վճարների բեռը նույնպես թեթևանում է։ Այսուհետև փոքր բիզնեսի ներկայացուցիչները կարող են արտոնագրային վճար իրականացնել ամսական, եռամսյակային, վեց, ինն և տասներկու ամսվա կտրվածքով։ Եթե անձն ուզում է եռամսյակային վճար կատարել, ավելի քիչ է վճարելու, եթե վեց ամսվա արտոնագիր է վերցնում, ավելի քիչ է վճարում, այսինքն` ինչքան ավելի երկար ժամանակի համար է արտոնագիր վերցնում, այնքան ավելի էժան է,  և ավելի քիչ է վճարում։ Սա` առաջինն է, ամենակարևորը։ Երկրորդ` տաքսու վարորդ անհատ ձեռներեցների ավտոմեքենաների տեխզննումը տարեկան ոչ թե երկու անգամ է լինելու, այլ` մեկ։ Երրորդ արտոնություն` քանի որ առաջին անգամ է այս նորմը ներդրվում Հայաստանի Հանրապետությունում, վճարը կարող է իրականացվել մինչև հունիսի 1-ը։ Չորրորդը վերաբերում է սննդի օբյեկտներին։ Մինչև 50 քմ սննդի օբյեկտների համար մենք սահմանել էինք արտոնագրային վճար։ Միկրո և փոքր բիզնեսի ներկայացուցիչներն արդարացիորեն մեզ դիմեցին, որ կան շատ ավելի փոքր սննդի օբյեկտներ` մինչև 20 քմ, և դրանց համար առաջարկվում է սահմանել արտոնագրային վճար, որը 2.5 անգամ ավելի ցածր է, քան այսօր, այսինքն` նույնպես հարկային բեռի էական թեթևացում է տեղի ունենում»,-ասել է վարչապետը։

Տիգրան Սարգսյանն ավելացրել է, որ Երևանում և դրա մերձակայքում կան սննդի խոշոր օբյեկտներ, ու արդարացի չէ, որ դրանք մուծեն նույնքան հարկեր, որքան փոքր և միջին բիզնեսը։ Վարչապետը ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարել է առաջարկություններ ներկայացնել կառավարություն, որպեսզի սննդի խոշոր օբյեկտները դուրս բերվեն արտոնագրային վճար մուծողների դասից։