Ոչ ադեկվատ նախարար

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում կատարվող իրադարձությունները տևական ժամանակ է, ինչ հասարակության ուշադրության կենտրոնում են: Ավելին՝ բուհում ստեղծված ճգանաժամը խորանալու միտում է ցուցաբերում: Խնդիրն այստեղ այն չէ, թե հակամարտող կողմերից որ մեկը իր ճշմարտացիությունը ապացուցելու համար ավելի հավաստի փաստարկներ կներկայացնի. ի վերջո դա դատարանի գործն է:

Զարմանալին այն է, որ պետական բարձրաստիճան պաշտոնյա, կրթության և գիտության նախարարի որոշումը կարող է լինել այսքան ոչ պոպուլյար և վիճարկվել ինչպես ռեկտորի, այնպես էլ բուհի ուսանողության և աշխատակազմի զգալի մասի կողմից: Ավելին, դա տեղի է ունենում նախընտրական ամենաթեժ շրջանում, երբ հանրապետական նախարարի ամեն մի ոչ ադեկվատ քայլ կարող է հարված լինել իր իսկ կուսակցությանը:

Հայաստանում նախադեպ չի եղել, որ որևէ ազդեցիկ բուհի ռեկտորի պաշտոնանկության գործընթացը նման մեծ աղմուկ բարձրացնի: Սա այն դեպքում, երբ ԵՊԼՀ ռեկտորի անձը միանշանակորեն չի ընդունվում ուսանողության և աշխատակազմի կողմից: Ստացվում է, որ կա՛մ նախարարն է այդ որոշումը կայացնելիս հիմնվել հակասական փաստերի վրա, կա՛մ Արմեն Աշոտյանի՝ որպես ԿԳ նախարարի գործունեությունը  վստահություն չի ներշնչում նրա կայացրած որոշումների նկատմամբ:

Կասկածներ կան, որ այս հրամանով Արմեն Աշոտյանը փորձել է հագուրդ տալ անձնական ամբիցիաներին: Մամուլում անգամ վարկած է շրջանառվում, որ ԿԳՆ-ի ղեկավարությունը և նրա վերադասները շատ հստակ նյութական շահեր են հետապնդում:

Այսպես, թե այնպես փաստացի ունենք ԿԳ նախարար, որի հրամանը չի հարգվում և կասկածի տակ է առնվում դրա օրինականությունը: Հայաստանյան իրականությունում հասարակական ընկալման տեսակետից ևս Արմեն Աշոտյանի հրամանը խիստ կասկածելի է, քանի որ անհայտ է այդպիսի մի նախադեպ, երբ բուհերի ղեկավարներից կամ քիչ թե շատ բարձրաստիճան պաշտոնյաներից որևէ մեկը աշխատանքից հեռացվի մի քանի օր բացակայելու պատճառով:

Այս միջադեպը հատկապես իշխանություններին լուրջ խորհելու տեղիք պետք է տա իրենց որոշումների կայացման արդարացիության, օրինականության և թափանցիկության հետ կապված:

Հատկապես ներկայիս կառավարությունը աչքի է ընկել ոչ պոպուլյար որոշումների մեծ քանակով: Տարբեր ժամանակահատվածներում կառավարության այս կամ այն որշումը վիճարկել են գյումրեցի անհատ տաքսու վարորդները, օտարալեզու դպրոցների և Մաշտոցի պուրակի ոչնչացման դեմ պայքարողները, «թռչկանցիները». այս շարքը կարելի է թվարկել: «Բրյուսովցիները» պարզապես շարունակում են այս շարքը: