Մեկնարկում է «Ազգային պատկերասրահ» փառատոնը

«Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը, որը մտահղացված է որպես երաժշտարվեստի ու գեղանկարչության ներդաշնակ միաձուլում և նպատակ ունի պատկերասրահ հրավիրել առավել լայն հանդիսատեսի, առաջին անգամ ազգային պատկերասրահում չի անցկացվի: Դա պայմանավորված է «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառումների շրջանակում Հայաստանի ազգային պատկերասրահի ծանրաբեռնվածությամբ: Այս տարի փառատոնի վեց համերգը կանցկացվի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

«Ազգային պատկերասրահ»-ի ընթացքում հանդես կգա դաշնակահար Բորիս Բերմանը` ԱՄՆ-ից, AkClardeon դուետը` Ռուսաստանի Դաշնությունից, որի կազմում են կլարնետահար Եվգենի Վարավկոն և ակորդեոնահար Մարիա Վլասովան: Ելույթ կունենան նաև ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Արմեն Բաբախանյանը, Թբիլիսիի ազգային օպերային թատրոնի մեներգիչների «Սուլիկո» համույթը:

Փառատոնի հանդիսավոր բացմանը փառատոնային նվագախումբը՝ Արամ Թալալյանի ղեկավարությամբ, և մենակատարներ` սոպրանո Մերի Մովսիսյանը, մեցցո-սոպրանո Ռիմա Խաչատրյանը, բարիտոն Արշակ Կուզիկյանը, կներկայանան «Վիվա Իտալիա» համերգային ծրագրով:

Եզրափակման համերգը կկայանա մայիսի 26-ին` կրելով «Նվիրում Հենդելին» խորագիրը: Կմասնակցեն երիտասարդ սերնդի երաժիշտներ, սոպրանոներ Մանե Գալոյանը, Հասմիկ Բաղդասարյանը, կոնտրտենոր Կարեն Հակոբյանը` ԱՄՆ-ից, կլավեսինահար Ջուլիետա Վարդանյանը , շեփորահար Արմեն Մայիլյանը և փառատոնային նվագախումբը:

Փառատոնն իրականանում է ՀՀ մշակույթի նախարարության և «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության աջակցությամբ, կազմակերպիչն է` «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը:

Մեկնաբանել