Նորվեգացիները «լվացին Բրեյվիկի ուղեղը»

Միասին հավաքվելու և Լիլեբյորն Նիլսենի «Ծիածանի երեխաները» կատարելու գաղափարը ծագել էր այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ Բրեյվիկը դատարանում ասել էր, թե նորվեգական դպրոցներում երեխաներին ճիշտ չեն կրթում, այդ թվում՝ ստիպում են երգել այդ երգը, որը նա «ուղեղների լվացում» է համարում։

Ակցիային մասնակցելու կոչը արվել էր Facebook-ի միջոցով։ «Մենք կկատարենք «Ծիածանի երեխաները» երգը հնարավորինս բարձր, որպեսզի Բրեյվիկն այն լսի դատարանի դահլիճում»,- լրագրողների հետ զրույցում ասել են ակցիայի կազմակերպիչները։

Նորվեգական լրատվամիջոցները նշում են, որ հայտնի երգը կեսօրին հնչել է Նորվեգիայի մի շարք քաղաքներում, որտեղ մարդիկ ևս մեկ անգամ հարգել են անցյալ տարվա ահաբեկչության զոհերի հիշատակը։

Հիշեցնենք, որ Բրեյվիկի գործով դատական գործընթացը Օսլոյում սկսվեց այս ապրիլի 16-ին և շարունակվելու է ավելի քան տասը շաբաթ։ Նա մեղադրվում է կրկնակի ահաբեկչության մեջ։

2011թ. հուլիսի 22-ին Անդերս Բրեյվիկը նախ պայթյուն էր իրականացրել Օսլոյի կառավարական թաղամասում, ապա գնդակահարել էր Նորվեգիայի Աշխատավորական կուսակցության երիտասարդական ճամբարի մասնակիցներին Ուտոյա կղզում։ Ահաբեկչությունների հետևանքով զոհվել էր 77 մարդ։