Եգիպտոսում ընտրություններին կմասնակցի 13 թեկնածու

Ի սկզբանե նախագահական ընտրություններին մասնակցությանը հավակնում էր 23 մարդ։ Սակայն այս ապրիլի կեսին ԿԸՀ-ն նրանցից 10-ին ընտրապայքարից հեռացնելու որոշում ընդունեց. մրցապայքարը ստիպված եղան լքել նաև նախաընտրական արշավի 3 ֆավորիտները՝ Եգիպտոսի նախկին փոխնախագահ և Ընդհանուր հետախուզության նախկին ղեկավար Օմար Սուլեյմանը, «Մուսուլման եղբայրներ»-ի գլխավոր թեկնածու, կազմակերպության նախկին փոխնախագահ և ֆինանսիստ Խայրաթ աշ Շատիրը և սալաֆիականների թեկնածու Հազեմ Սալահ Աբու Իսմայիլը։

Օրերս ԿԸՀ-ն, հիմք ընդունելով Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի զինակիցների քաղաքական մեկուսացման մասին օրենքը, գալիք ընտրություններին մասնակցությունից զրկել էր նաև նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիկին, բայց վերջինիս՝ ԿԸՀ-ի որոշումը բողոքարկելուց հետո ի վերջո թույլ էր տվել շարունակել պայքարը։

Ի դեպ, փորձագետները Շաֆիկի շանսերը բավական բարձր են գնահատում. ըստ նրանց՝ նախկին վարչապետի ֆիգուրի շուրջ կհամախմբվեն Եգիպտոսի զինվորականները և նրանք, ովքեր կարոտում են Հոսնի Մուբարաքի կառավարման տարիները։

Ֆավորիտ են համարվում նաև «Մուսուլման եղբայրներ»-ի քաղաքական թևի՝ «Ազատության և արդարության կուսակցության» նախագահ Մուհամադ Մուրսին, իսլամիստ Աբդ ալ Մունիմ Աբու ալ Ֆութուհը, ինչպես նաև Եգիպտոսի նախկին արտգործնախարար և Արաբական պետությունների լիգայի նախկին գլխավոր քարտուղար Ամր Մուսան։

Համաձյան Եգիպտոսում գործող սահմանադրական հռչակագրի՝ ԿԸՀ-ի հրապարակած ցուցակը վերջնական է և դատարաններում բողոքարկման ենթական չէ։ Ընտրարշավը կսկվի ապրիլի 30-ին։ Թեկնածուները կարող են ընտրություններին մասնակցությունից հրաժարվել մինչև մայիսի 8-ը։

Եգիպտոսում նախագահական ընտրությունների առաջին փուլը նշանակված է մայիսի 23-24-ին։ Նախագահական այս ընտրություններն առաջինը կլինեն 2011թ. փետրվարին Հոսնի Մուբարաքի պաշտոնաթողությունից հետո։

Մեկնաբանել