Ամպերը կծրագրավորվեն Գյումրիում

Կառավարությունը գործունեությանն վերջին օրերին հիշել է 2008թ. (գործունեության առաջին տարին) առաջ քաշած գաղափարների մասին։ Այսօրվա նիստում գործադիրը միանգամից երկու որոշում է ընդունել, որոնք Գյումրիի տեխնոպարկում մոտ $13 մլն-ի ներդրում են ենթադրում։ Այդուհանդերձ, Հայաստանի երկրորդ քաղաքում տեխնոպարկ ունենալու համար անհրաժեշտ է ևս $40 մլն-ի ներդրում։

Գյումրիի տեխնոպարկի հիմնական շենքի (Մ. Նալբանդյանի անվան Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի նախկին շենք) վերանորոգման աշխատանքները կառավարությունը երեկ վստահեց «Բաղրամյանշին» և «Ախուրյանի կոոպշին» ընկերությունների համատեղ ձեռնարկությանը։ Կապալառուն շուրջ 6,5 հազ. քմ մակերեսով անշարժ գույքի ամբողջական համալիրի վերանորոգման համար կծախսի մոտ Դ1,7 մլրդ-ի ($4,4 մլն) վարկային միջոցներ։

Շենքի վերանորոգմանն ուղղվելու են Համաշխարհային բանկի կողմից իրականացվող «Էլեկտրոնային հասարակություն և նորարարություն հանուն մրցունակության» վարկային ծրագրի միջոցները։ Ծրագրում նշվում է, որ Գյումրիի տեխնոպարկի ստեղծմանը պետք է ուղղվի $2,9 մլն, ինչը նշանակում է, որ շենքի վերանորոգումը կառավարությունը պետք է համաֆինանսավորի $1,5 մլն-ով։

Ուշագրավ է, որ թեև ՀԲ-ի վարկային միջոցները հատկացվել են մոտ 1,5 տարի առաջ (ՀԲ-ի կողմից Հայաստանի $24 մլն վարկային միջոցներ հատկացնելու որոշումը ընդունվել է 2010թ. նոյեմբերի 30-ին), գործադիրը միայն այժմ է հաստատում տեխնոպարկի շենքի վերանորոգման մրցույթի արդյունքները։

Մարզադահլիճ D-Link-ին՝ $8,5 մլն ներդրումների դիմաց

Երեկ կառավարությունը որոշել Գյումրիի տնտեսական զարգացման հիմնադրամից հետ վերցնել վարձակալության իրավունքով 15 տարի ժամկետով հանձնված՝ Գյումրու Հակոբյան փողոց, թիվ 39 հասցեում գտնվող մարզադահլիճը (մակերեսը՝ 978 քմ, ինչպես նաև սպասարկման համար անհրաժեշտ 0,1 հա հողամաս)։ Կառավարությունն այդ տարածքն անհատույց՝ 15 տարով ժամկետով փոխանցել է D-Link International Pte Ltd-ի հայաստանյան ներկայացուցչությանը։

Գործադիրի որոշման նախագծում նշվում է, որ D-Link-ին տարածքը հատկացվում է տարածաշրջանային խոշոր հետազոտական կենտրոն հիմնելու համար: Կենտրոնի ներդրումային ծրագիրը նախատեսված է առնվազն 25 տարվա համար: Ծրագրով նախատեսվում է ստեղծել D-Link-ի հետազոտությունների և թեստավորման կենտրոն Գյումրիում:

«Կենտրոնը զբաղվելու է մասնագիտական կարողությունների զարգացմամբ և հետազոտությունների իրականացմամբ՝ ցանցային և հեռահաղորդակցության ոլորտներում»,- նշված է ծրագրում: Հետազոտությունների հիմնական ուղղությունները կլինեն D-Link-ի «ամպային» կառուցվածքով հաշվողական համակարգերը և կառավարման ծրագրային ապահովումները: Հետազոտական աշխատանքները կարտահանվեն և կվաճառվեն միջազգային շուկաներում:

Նախատեսված է, որ կենտրոնը կգործի 2013-ի հունիսից: Ծրագրի արժեքը $8,5 մլն է, որից $1 մլն-ը կուղղվի թեստավորման լաբորատորիայի հիմնմանը: Ծրագրում ամրագրված է, որ իրականացման առաջին տարում կստեղծվի մինչև 50 աշխատատեղ։

Նշենք, որ չնայած կառավարության և D-Link-ի ջանքերին, ինչպես նաև քաղաքում ինքնաթիռներ նախագծելու ցանկություններին, Գյումրին դեռևս հեռու է տեխնոքաղաքի կոչումից։ 2008թ. դեկտեմբերին, Գյումրիի տեխնոպարկի բիզնես մոդելի շհորհադեսին այդ տարիների էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը հայտարարում էր, որ տեխնոպարկի գործունեության արդյունքները կառարկայանան հինգ տարի անց, իսկ այն լիարժեք կսկսի գործել միայն 15 տարի հետո։ Որպեսզի Գյումրիի տեխնոպարկի գաղափարը իրականություն դառնա, տեխնոպարկերի ստեղծման փորձագետ իռլանդացի Քևին Թոմփսթոնը նույն այդ շնորհանդեսին նշում էր, որ առաջիկա հինգ տարում անհրաժեշտ կլինի ներդնել $55 մլն։

Եթե հաշվի առնենք D-Link-ի և կառավարության ներդրումների ծավալները, ապա տեխնոպարկի գաղափարը իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է ևս $40 մլն-ի ներդում։