Ցեղասպանության հիշատակի միջոցառում` Կոնգրեսում

Միջոցառմանն ելույթներով հանդես են եկել ԱՄՆ Ներկայացուցիչների տան հայանպաստ խմբի համանախագահները, ինչպես նաև շուրջ երեք տասնյակ կոնգրեսականներ: Բոլոր ելույթ ունեցողները դատապարտում էին Թուրքիայում 20-րդ դարասկզբին հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությունները, կոչ էին անում Միացյալ Նահանգների կոնգրեսին և վարչակազմին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանն իր ելույթում, մասնավորապես, շեշտել է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը եղել և մնում է ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում: Դեսպան Մարգարյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի բոլոր այն անդամներին, որոնք իրենց նպաստն են բերում Ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Նա հայտարարել է, որ հայ-ամերիկյան բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար նախօրեին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Մխիթար Գոշ մեդալով պարգևատրվել են ԱՄՆ Սենատի անդամ Մ. Քըրքը, ինչպես նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ա. Էշյուն և Բ. Շերմանը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ դեսպանության և ԼՂՀ ներկայացուցչության աշխատակիցներ, հայ առաքելական եկեղեցու հոգևոր հայրեր, համայնքային կազմակերպությունների ղեկավարներ և հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ: