«Վարդատոն»` Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին

Հոբելյանին նվիրված հանդիսությունների մեկնարկն ավանդույթի համաձայն կտրվի Երևանում` Սայաթ-Նովայի հուշարձանի մոտ մայիսի 20-ին, ժամը 12:00, այնուհետև, Թբիլիսիում մայիսի 27-ին: «Վարդատոնի» բացման արարողությանը ողջույնի և գնահատանքի խոսքով հանդես կգան ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, բանասիրական գիտությունների պրոֆեսոր Սամվել Մուրադյանը, աշուղներ` Լեյլին, Ոսկեհուրը և Աստղանուշը: Երաժշտական կատարումներով հանդես կգան Սայաթ-Նովա աշուղական երգի վաստակավոր անսամբլը , «Կարին» ավանդական երգի-պարի անսամբլը, Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի կենտրոնի մարիոնետների թատրոնը, մենակատարներ` Մխիթար Քեթցյանը, Թեհմինա Գրիգորյանը, Հովհաննես Մանուչարյանը, Սարգիս Խաչատրյանը, Անանիա Հովսեփյանը, Ռաֆիկ Հակոբյանը, Արթուր Մնացականյանը, Իրինա Հարությունյանը, Մկրտիչ Աֆրիկյանը և այլոք: Ծրագրում կհնչեն Սայաթ-Նովայի «Քամանչա», «Յիս մե ղարիբ բլբուլի պես», «Աշխարհումս ախ չիմ քաշի», «Աշխարհս մե փանջարա է», «Բլբուլի հիդ», «Շատ մարթ կոսե», «Դուն էն հուրին իս», «Արի ինձ անգաճ կալ», «Քանի վուր ջան իմ», «Դուն էն գլխեն», «Ուստի կուգաս, ղարիբ բլբուլ», «Յարիս կանչում իմ լալանին», «Ինչ կոնիմ հեքիմ», «Էշխեմեդ» և անմահ այլ ստեղծագործություններ:

Մեկնաբանել