Դու պիտի ապացուցես, որ դու ուղտ չես. այսօրվա ընտրարշավից

Իջևան քաղաքի ընտրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ առաջնորդը խոսել է կադրային ճիշտ քաղաքականության և արագ փոփոխությունների մասին: «Քաղաքական սերնդափոխությունը, որքան էլ բնական, այնպես էլ կողմնակի ջանքեր է պահանջում: Երկարատև արդյունք ապահովելու համար մեզ հարկավոր է նոր բարձրորակ կրթություն, կառավարման հստակ ապարատ ու համապատասխան սոցիալական փաթեթներ պետծառայողների համար… Որակյալ կադրերի ընտրության շնորհիվ մենք նաև կապահովենք մեկ այլ կարևոր կողմ, ինչպիսին է քաղաքական ուժի հեղինակությունը»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Ագարակ, Մեղրի, Քաջարան քաղաքներում ընտրողների հետ հանդիպումից հետո այսօր երեկոյան ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է կապանցիների հետ: «Միշտ մեր խոսքը գործ է եղել, քիչ ասել, շատ արել ենք: Շրջելով Հայաստանով մեկ` բոլոր քաղաքները, գյուղերը, մարզերը, տեսնելով ժողովրդի ջերմությունը, սպասելիքը, հույսը, մեկ անգամ ևս պարտավորված ես քեզ զգում: Իրոք, դժվար է, ծանր է, բայց մարդ մինչև իրեն նեղություն չտա, չի կարող լավ բան անել: Ես պատրաստ եմ այդ ծանրության, այդ դժվարության տակ լինել: Ոսկի սարեր չեմ խոստանում, բայց ամենակարևորը, ինչ-որ ասում եմ, դրանից ավել իրականություն է դառնալու», – ասել է Ծառուկյանը:

«Բնակարանը դու վերցնում ես, բնակարանը բանկը վերցնում է գրավադրմամբ, ոչ մի կանխավճարի անհրաժեշտություն չկա,- նշել է ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը` Քանաքեռ-Զեյթունի ընտրողների հետ հանդիպման ժամանակ: Ըստ նրա` ՕԵԿ-ը հեղինակել է մի շարք կարևոր օրենքներ. «Երեք տարի առաջ, երբ կինը գնում էր ծննդաբերելու, անհրաժեշտ էր մաղարիչների մի ամբողջ շարք հաղթահարել, այսօր կինը ծննդաբերում է սերտիֆիկատով` ի շնորհիվ Օրինաց Երկիր կուսակցության»,- ասել է նա:

Արարատի մարզում ՀՅԴ-ն կարևորել է աշխատավարձերի բարձրացումը, աղքատության հաղթահարումը: «Խոսում ենք բարեփոխումների մասին, բայց այդ մասին խոսում են տարեց մարդիկ, երիտասարդներն անտարբեր են դարձել»: Հանդիպումից հետո երիտասարդները նշել են` որոշել են, որ իրենց վերջին անտարբեր օրը լինելու է մայիսի 5-ը:

«Ժառանգության» անդամ Արմեն Մարտիրոսյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է. «Դռնեդուռ հանդիպումները ցույց են տալիս, որ մեր նկատմամբ վստահություն կա, հավատ կա: Փոքր ու միջին բիզնեսի զարգացման մեր թիրախը հստակ է»,- ասել է նա: Մարտիրոսյանը խոսել է նաև «սև փիարի» մասին` նշելով, որ հաճախ անհեթեթ մեղադրանքներ ու տեղեկություններ են տարածվում, ու «դու պիտի ապացուցես, որ դու ուղտ չես»:

Սյունիքի մարզում ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ գիտի, որ շատերն են ընտրատեղամասերում ճնշված զգում, սակայն այդ զգացումը պետք է հաղթահարել և իրականացնել սեփական հեղափոխությունը: Նա ասել է. «Մտաք ընտրական տեղամաս, ստացաք քվեաթերթիկը, այդ ժամանակ հիշեք 30 վայրկյանի մասին»:

Մեկնաբանել