«Մաուգլի»-ն` Խորեոգրաֆիայի պետական թատրոնում

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ բեմադրված «Մաուգլի»-ի առաջնախաղը տեղի է ունեցել օրերս, իսկ մայիսի 5-ին թատրոնը մարզային ծրագրի շրջանակներում սույն ներկայացմամբ հյուրախաղով հանդես կգա Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում:

«Մաուգլի» ներկայացման բեմադրությունն իրականացրել է Ռաֆայել Գրիգորյանը: Բեմականցման հեղինակ` Սամվել Սարգսյան, հագուստների ձևավորումը` Մերի Սարգսյանի և Կարինե Ավակովայի, նկարչական ձևավորումը` Գարիկ Մանուկյանի, պարերի բեմադրությունը` Ասատուր Քալաշյանի: Ներկայացման երաժշտության հեղինակը Գագիկ Բարսեղյանն է, գործիքավորողը` Արսեն Թովմասյանը, կատարում է «Բամբիռ» նվագախումբը: Գլխավոր դերերում հանդես են գալիս դերասաններ Սենիկ Բարսեղյանը (Մաուգլի), Սերգեյ Հայրապետյանը (Տաբակի), Անի Գրիգորյանը (Բաղիրա), Արա Գևորգյանը (Շերխան), Արթուրո Սայանը (Աքելլա), Դավիթ Սեխպեյանը (Հայր գայլ), Նոննա Գրիգորյանը (Մայր գայլ), Վահագն Կիրակոսյանը (Վանտալլա), Կարեն Խաչատրյանը (Կաա), Մխիթար Մելքոնյանը (Բալու), Աննա Բաղդասարյանը (Աղջիկ):

«Մաուգլի» պարային-երաժշտական ներկայացմանը մասնակցում են մայրաքաղաքի մի քանի դպրոցների սաներ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական, Կամերային պետական, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, Հր. Ղափլանյանի, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնների տարբեր սերնդի շուրջ 40 դերասաններ, երաժիշտներ, պարողներ:

Ի դեպ, մայիսի 1-ին լրանում է Խորեոգրաֆիայի պետական թատրոնի հիմնադրման 15 ամյակը (ստեղծվել է 1997 թ.): Թատրոնում այս տարիներին ստեղծվել են բազմաթիվ մոնումենտալ պարային ներկայացումներ, այդ թվում` «Հռիփսիմե–Տրդատ», «Ա. Խաչատրյան» ջութակի կոնցերտ, «Մոխրոտ», «Կարմիր գլխարկ» մանկական հեքիաթները:

Մեկնաբանել