Լռելով` մենք փոքրացնում ենք մեր երկրի ձգողականությունը. Գուրգեն Արսենյան

«Հենց մոտենում ենք քաղաքական գործընթացին, կրիմինալն ակտիվանում է. մենք դրա՞ն ենք հասել, դրա՞ն ենք արժանի: Ես ուզում եմ դա փոխել, և մենք դրա համար ենք թիմ կազմել, որովհետև ես ուզում եմ, որ իմ երեխաներն ապրեն այնպիսի երկրում, որտեղ ոստիկանն ու կրիմինալը չեն որոշում` ով է կառավարելու»,- «Երկիր մեդիա» հեռուստատեսության «Երկիրն այսօր» հաղորդման հյուրասրահում այսօր ասաց Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ, ԲՀԿ անդամ Գուրգեն Արսենյանը:

«Եղբայր, ձեր վարչական ռեսուրսից օգտվեք, կրիմինալի՞ն ինչի եք ներգրավում: Նմանատիպ գործողությունների դեմ ձեն չբարձրացնելով` մենք փոքրացնում ենք մեր երկրի ձգողականությունը»,- նշեց նա: Ըստ Արսենյանի` այդ հանցագործ մթնոլորտի հանդեպ հանդուրժողականությունն է, որ մարդկանց դրդում է «բռնել քոչի ճանապարհը»: «Մարդիկ գնում են այն երկիրը, որտեղ ոստիկանը ոստիկան ա, կրիմինալը կրիմինալ»,- ասաց նա:

Իր դիտարկմամբ` հարցումներն ու հետազոտությունները լուրջ չեն. «Ընտրությունների վերաբերյալ լավագույն ամփոփագիրը ընտրատեղամասերի արձանագրություններն են. ու ոչ մի հետազոտություն անցկացնող, ոչ մի հարցում անցկացնող. Էդ բոլորը փող են ստանում, ինչ-որ մեկը փող է վճարում, կարծում եմ, եթե ինչ-որ մեկը վճարում է, ինքն էլ երաժշտություն է պատվիրում, հասարակության վրա ինչ-որ ազդելու համար: Ամենակարևորը մարդու որոշումն է` քվեախցում կանգնած քվեաթերթիկի առաջ: Բոլոր հարցումները հենց էդ պահից առ ոչինչ են»:

Մեկնաբանել