Հակոբ Հակոբյանը չի ուզում կորցնել իր ընտրողներին` բառի բուն իմաստով

«Վնասում են էդ մարդկանց, ես չեմ ուզում կորցնել իմ ընտրողներին, դրա համար ես հայտարարում եմ, որ իմ սիրելի ընտրողների հետ ես կհանդիպեմ ընտրություններից հետո»,- «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդման հյուրասրահում նշեց Էջմիածնի թիվ 19 ընտրատարածքում առաջադրված Հակոբ Հակոբյանը:

Ըստ նրա` իր հակառակորդներն այլևս ասելիք չունեն, ընտրողների հետ հանդիպումների ժամանակ իրենց ընկերները հիշողություններ են պատմում երրորդ դասարանից. «Թե տեսեք, ինչ մարդ էր [հակառակորդ թեկնածուն], երրորդ դասարանում ինքը կորժիկ էր ուտում, թողեց ընկերը կողքից կծեց. էլ ասելիք չունեն»:

Հակոբյանի դիտարկմամբ` պետբյուջեի գումարներով արված գործերը իր քաղաքական հակառակորդը  քարոզարշավում վերագրում է իրեն: «Բուկլետի մեջ գրել է, որ 1.8մլրդ-ի ասֆալտապատման աշխատանքներ է կատարել, վերջում էլ շնորհակալություն է հայտնել կառավարության նախագահին աջակցելու համար. ի՞նչ ա դուրս գալիս, մարդիկ պետբյուջեով գործ են արել, դա իրանց բուկլետում ներկայացնում են, թե իրանք են արել»,- նշեց նա` պնդելով, որ իր ասածի հիման վրա անհրաժեշտ է հետաքննություն սկսել:

Հակոբ Հակոբյանը նշեց, որ ինքը փաստորեն չի հանդիպում ընտրողների հետ, չի կազմակերպում ելույթներ: «Ես մի հատ շտաբ ունեմ, նկարներս էլ ոչ մի տեղ կպցված չեն, մարդիկ ինձ ճանաչում են, իսկ էն մարդը հինգ տարի պատգամավոր ա աշխատել, հիմա ամեն տեղ իրա նկարը կպցրել ա, որ իրան դեմքով ճանաչեն»,- ասաց Հակոբյանը:

Պատգամավոր ընտրվելու դեպքում Հակոբյանը նախատեսում է համագործակցել Հանրապետական կուսակցության հետ, քանի որ «իր հետ նախկինում էլ աշխատել է»: