Իսկ ո՞ւմ կողքին են նրանք…

ՀՀԿ մեծամասնական ցուցակում մերթընդմերթ փայլատակող անուններն այնուամենայնիվ հուշում են, որ խոստումները կրկին ի չիք դարձան: Ըստ ամենայնի՝ այս խորհրդարանում էլ գործարար շրջանակները կունենան պատշաճ ներկայացվածություն:

Իրականում աշխարհում դժվար է գտնել երկիր, որտեղ բիզնեսը չի ներազդում (կամ էլ փորձում ներազդել) քաղաքական գործընթացների վրա։ Պնդումը, թե այս երկուսը պետք է կատարելապես տարանջատվեն, գեղեցիկ է, բայց պատրանքային: Կապիտալի կուտակումը փոքրաթիվ մարդկանց ձեռքում (ինչն անխուսափելի է ազատ շուկայում) ծնում է նաև քաղաքական հավակնություններ, որոնք փողի օգնությամբ հեշտորեն փոխարկվում են իրական լծակների:
Նույն ԱՄՆ-ում, որը համարվում է հավասարության և ժողովրդավարության հիմնասյունը, բիզնես էլիտան մշտապես ձգտել է իր շահերը պարտադրել պետությանը։ 1981թ. ԱՄՆ-ի գանձապետարանի քարտուղար նշանակվեց «Մերիլ Լինչ» ֆինանսական հսկայի տնօրեն Դոնալդ Րիգանը, որը նախագահ Ռեյգանի աջակցությամբ սկսեց իրագործել այսպես կոչված «Ռեյգոնոմիկան». քաղաքականություն, որի հիմքում էր պետության տնտեսական միջամտության նվազեցումն ու ֆինանսական շուկաներից ստացվող շահութահարկի կրճատումը։ Ավելի առատաձեռն նվիրաբերություն Ուոլ սթրիթը (որի ներկայացուցիչն էր Րիգանը) չէր էլ կարող երազել։ Այդպես է նաև այսօր. ԱՄՆ-ի Կոնգրեսի շուրջ 50%-ը միլիոնատերեր են, և հասկանալի է, որ ահռելի կարողության աղբյուրը կոնգրեսականի 147 հազ. դոլար աշխատավարձը չէ:

Այնուամենայնիվ, նորմալ երկրներում պետությունը չի դարձել ֆինանսիստների (ՀՀ պարագայում՝ օլիգարխիայի) քաղաքական կցորդ։ Փոխզիջումներ լինում են, երբ կա բիզնեսի և հասարակության շահերի համընկնում (չնայած հետագա պտուղները միշտ չէ, որ հավասարապես են բաշխվում քաղաքացիների ու «ոսկե 1 տոկոսի» միջև)։ Նորմալ երկրներում քաղաքական վերնախավը գիտի, թե ինչ է կամքը, և կրիտիկական պահերին հիշում է իր՝ հասարակության առջև պարտքի մասին։ Վառ օրինակ է նախագահ Օբամայի օրենսդրական նախաձեռնությունը, որով ԱՄՆ-ի նավթային ընկերությունները սկսեցին հարկվել երկրում ամենաբարձր տոկոսադրույքով։ 2011թ. ԱՄՆ-ի երեք ամենախոշոր հարկատուներն են եղել նավթային հսկաներ ExxonMobil-ը, Chevron-ը և ConocoPhillips-ը, որոնց շահութահարկի միջին տոկոսադրույքը կազմել է համապատասխանաբար 42%, 43,3% և 45,6%՝ ամենաբարձրը աշխարհում։ Մեկ այլ դրվագ է «Բաֆեթի օրինագիծը», որը պահանջում է բարձրացնել միլիոնատերերի հարկման դրույքաչափը։
Կա՞ն արդյոք նման միտումներ Հայաստանում։ Ցավոք՝ ոչ։ Հանքարդյունաբերությունը, օրինակ, հարկվում է միջազգայինից խիստ ցածր տոկոսադրույքներով, ինչն այդ ոլորտը դարձրել է ոմանց գերշահույթի կայուն աղբյուր։ 2011թ. ՀՀ չորրորդ խոշորագույն հարկատու «Ալեքս Գրիգ»-ի վճարած 17,7 մլրդ դրամ հարկի շուրջ 95%-ն անուղղակի հարկ է, այսինքն՝ գանձվում է վերջնական սպառողից և որևէ կապ չունի տվյալ կառույցի շահույթների հետ։ Ենթադրաբար, երկրի համար ծանր կացությունում դժվարության իր բաժինը պետք է կրեր նաև խոշոր բիզնեսը, որը տարիներ շարունակ վայելում է ստվերում ապրելու գերշահութաբեր «սուբսիդիան»։ Ավաղ, միայն ենթադրաբար… Ինչո՞ւ են այս ընկերությունները շարունակում մնալ արտոնյալի կարգավիճակում։ Միգուցե, որովհետև այդպես է ցանկանում քաղաքական վերնախավը:

Երբ բիզնեսը ցանկանում է ներթափանցել քաղաքականություն և վայելել մենաշնորհներ, դա բնականոն է, սակայն նորմալ չէ, երբ դա արվում է իշխանությունների հավանությամբ: Հարց է ծագում, իսկ ո՞ւմ կողքին են նրանք՝ սեփական ժողովրդի՞, թե՞ տարբեր տրամաչափի սպեկուլյանտների բազմության:

Մեկնաբանել