Մեծամասնականի սնանկությունը

Անկախ բանավեճին մասնակից երկու գործիչների մտավոր կարողություններից և բարոյական նկարագրից՝ նրանց մոտ բանավեճը վերածվեց լեզվակռվի, որն ավելի շատ ժամանցային շոուի ժանրից էր, քան քաղաքական և ծրագրային բանավեճի: Ակնհայտ է, որ մեծամասնական կարգով առաջադրված թեկնածուները հիմնականում գործարար ոլորտի ներկայացուցիչներ են և հետապնդում են նեղ անձնական շահեր, իսկ այդ ընտրապայքարում ներգրավված քաղաքական դեմքերը ոչ թե սպասարկում են կոնկրետ տվյալ ընտրատարածքի բնակիչների շահերը, այլ պաշտպանում են սեփական կուսակցության վարած քաղաքականությունը: Իսկ բնակիչների շահերը սպասարկելը սահմանափակվում է այսպես ասած «ասֆալտ փռելով» կամ բնակիչների կոմունալ ծախսերը վճարելով: Սրա պատճառով է, որ ընտրողները մեծամասնական կարգով առաջադրված թեկնածուից ակնկալում են շատ նեղ անձնական, նյութական աջակցություն:

Այսինքն՝ Հայաստանում աղճատվում է պատգամավորների ընտրությունների քաղաքագիտական ընկալումը, ըստ որի՝ պատգամավորը պետք է հավաքագրի, օրենսդիր մարմին ներկայացնի հասարակության խնդիրներն ու շահերը և դրանց, անհրաժեշտության դեպքում օրենսդրական լուծումներ տա:

Բացի այդ, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ունիտար կառուցվածքն ու աշխարհագրական փոքրությունը, շատ հազվադեպ կարող է լինել, որ աշխարհագրական որևէ տարածք ունենա խիստ սպեցիֆիկ խնդիրներ, որոնք էականորեն տարբերվում են բնակչության մյուս հատվածի խնդիրներից: Օրինակ՝ Ռուսաստանում հնարավոր է, որ Սիբիրի որևէ քաղաքի բնակիչների խնդիրներն էականորեն տարբերվեն Մոսկվայի բնակիչների խնդիրներից և յուրահատուկ լուծում պահանջեն: Սակայն Հայաստանում, օրինակ՝ Աշտարակում և Երևանում, բնակիչները ունեն նույն խնդիրներն ու մտահոգությունները: Ավելին՝ առավել անտրամաբանական է մեծ քաղաքներում ունենալ մի քանի ընտրատարածքներ՝ սեփական թեկնածուներով: Ի՞նչ էականորեն իրարից տարբերվող խնդիրներ կարող է ունենալ Մալաթիա-Սեբաստիա և ասենք՝ Էրեբունի համայնքի բնակիչը: Նման բաժանման հետևանքով է, որ մեծամասնական կարգով ընտրված պատգամավորներին վերագրվում են կենցաղ-կոմունալ բնույթի գործառույթներ, որոնք պատկանում են տեղական ինքնակառավարման մարմիններին:

Պատահական չէր, որ բանավեճի մասնակից Սամվել Ֆարմանյանն ու Վլադիմիր Կարապետյանը պարզապես չկարողացան ներկայացնել, թե ինչ ծրագրեր ունեն կոնկրետ թիվ 2 ընտրատարածքի բնակիչների համար: