Լիբիայում ցրվել է անցումային կառավարությունը

Լիբիայի անցումային կառավարությունը ձևավորվել էր 2011թ. նոյեմբերին՝ մեկ ամիս անց քաղաքացիական պատերազմի ավարտից, որի ընթացքում տապալվեց գնդապետ Մուամար Կադաֆիի վարչակարգը։ Կառավարության հիմնական խնդիրներն էին Ազգային ասամբլեայի ընտրությունների նախապատրաստումը, ինչպես նաև նավթարդյունահանման և անվտանգության ուժերի վերականգնումը։

Ազգային անցումային խորհրդի աղբյուրների խոսքով՝ կառավարությունը ցրելու պատճառը եղել է նրա ոչ կոմպետենտությունը իր առջև դրված խնդիրների լուծման հարցում։ Մասնավորապես՝ Ալ Քիբի կաբինետը մինչ այժմ չի կարողացել նախկին ապստամբներին ինտեգրել բանակի ու ոստիկանության շարքերում, ինչպես նաև վատնել է բյուջեի միջոցները։

Ինքը՝ Ալ Քիբը, այս ապրիլի 25-ին հայտարարել էր, որ կառավարությունը հաջողությամբ կատարում է իր պարտականությունները և Ազգային անցումային խորհրդի ներկայացուցիչներին մեղադրել էր ընտրությունների նախապատրաստումը միտումնավոր ձգձգելու մեջ։

Ակնկալվում է, որ Ազգային ասամբլեան պետք է ընտրվի 2012թ. հունիսին։ Նոր մարմինը կնախապատրաստի Լիբիայի Սահմանադրության նախագիծը՝ զուգահեռաբար կատարելով խորհրդարանական գործառույթներ։ Լիբիայի հիմնական նոր օրենքի ընդունումից հետո տեղի կունենան խորհրդրարանական և նախագահական ընտրություններ։