Samsung-ի շահույթն աճել է 81%-ով՝ սմարթֆոնների հաշվին

2012թ. 1-ին եռամսյակում Samsung-ի զուտ շահույթը տարեկան կտրվածքով աճել է 81%-ով՝ մինչև 5,05 տրլն վոն (մոտ $4,4 մլրդ)։ Ընկերության շահույթը գերազանցել է շուկայի կանխատեսումները, որոնք 4,24 տրլն վոնի մակարդակում էին։ Եռամսյակային հասույթն աճել է 22%-ով՝ մինչև 45,27 տրլն վոն (մոտ $39,7 մլրդ), գործառնական շահույթը կրկնապատկվել է՝ կազմելով $5,1 մլրդ։

Reuters-ի կողմից հարցված փորձագետների կարծիքով՝ եռամսյակի ընթացքում Samsung-ը վաճառել է մոտ 90 մլն բջջային հեռախոս, այդ թվում՝ 44 մլն-ը՝ սմարթֆոններին է բաժին ընկել։ Samsung-ը պաշտոնապես չի հրապարակում տարեսկզբից ի վեր վաճառած սմարթֆոնների և պլանշետների թիվը՝ նշելով միայն վաճառքների գլոբալ աճի մասին։

Համեմատության համար նշենք, որ սմարթֆոնների շուկայում Samsung-ի գլխավոր մրցակից Apple-ը 2012թ. հունվար-մարտ ժամանակահատվածում վաճառել է ավելի քան 35 մլն iPhone։ Ֆիննական Nokia-ն հաշվետու ժամանակահատվածում վաճառել է 83 մլն բջջային հեռախոս, որից 12 մլն-ը բաժին է ընկել սմարթֆոններին։

Ակնկալվում է, որ հաջորդ շաբաթ Samsung-ը Լոնդոնում կներկայացնի Galaxy-ի իր նոր սմարթֆոնը՝ Galaxy S III-ը։

Մեկնաբանել