Մնաց մնացածը

Կառավարությունը վերջապես կողմնորոշվեց, թե ով պետք է կառուցի Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներով իրականացվելիք «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի Աշտարակ-Թալին, Երևան-Արարատ և Երևան-Աշտարակ հատվածները։ Կառավարության երեկվա նիստում հաստատվել է 2011թ. օգոստոսին հայտարարած միջազգային մրցույթի արդյունքը. հաղթող է ճանաչվել իսպանական Corsan Corviam Construccion S.A ընկերությունը։ Ծրագրի կառավարման խորհրդատու է ընտրվել բելգիական Safege և իսպանական Eptisa ընկերությունների համատեղ ձեռնարկությունը։

Ընդհանուր առմամբ 82 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերակառուցումը կառավարությունը վստահելու է իսպանական Corsan Corviam Construccion S.A ընկերությանը, որը պահանջել է $275 մլն, այն դեպքում, երբ հայկական կողմն աշխատանքները գնահատել էր $243  մլն։ Անգամ եթե հաշվի առնենք զեղչերը, որոնք պատրաստ են տրամադրել իսպանացիները, և որոնք կազմում են մոտ $20 մլն, ընկերությունն այնուհանդերձ ավելի շատ է ծախսելու, քան ծրագրել է հայկական կողմը։
Նշենք, որ «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի Ծրագիր-1-ի (Երևան-Արարատ և Երևան-Աշտարակ) և Ծրագիր-2-ի (Աշտարակ-Թալին) համար Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) հատկացրել է $230 մլն, որից $5 մլն-ը հայկական կողմն արդեն ծախսել է։ Սա նշանակում է, որ գումարի չբավարարող մասը պետք է ներդնի կառավարությունը՝ համաֆինանսավորման սկզբունքով։

Նշենք նաև, որ Ծրագիր-1-ի և Ծրագիր-2-ի շրջանակում կատարվելիք աշխատանքների համար անցած տարի օգոստոսին հայտարարված միջազգային բաց մրցույթին հայտեր ներկայացրած վեց ընկերություններից Corsan Corviam Construccion S.A-ի փաթեթը երկրորդ «ամենաթանկն» էր։ Ամենաթանկ հայտը՝ $309 մլն արժողությամբ, պատկանում էր չինական China Roadand Bridge Corp ընկերությանը։ Գնային առումով ամենամրցակցայինը կրկին չինական COVEC-CRFG Consortium-ի առաջարկն էր ($217,4 մլն)։ Մրցույթին մասնակցած չինական ևս մեկ կորպորացիա՝ Sinohydro Corporation-ը, $236 մլն արժողությամբ հայտ էր ներկայացրել։

Հաղթող ընկերության հարցում, իհարկե, հաշվի է առնվել ոչ միայն առաջարկված գինը, այլև շինաշխատանքների փորձը, ֆինանսական կարողությունները, աշխատանքների կատարման ժամկետները։ Այդուհանդերձ, դեռ հայտնի չէ, թե որքան ժամանակում է իսպանական ընկերությունը պատրաստ վերակառուցել 82 կմ-ը։ Նշենք, որ Երևան-Աշտարակ (երկարությունը՝ 11,7 կմ) և Երևան-Արտաշատ (երկարությունը՝ 19,6 կմ) ճանապարհահատվածներում վերականգնողական աշխատանքները, ըստ ծրագրի ժամանակացույցի, պետք է ավարտվեն 2013թ., Աշտարակ-Թալին հատվածի (երկարությունը՝ 41,9 կմ) վերակառուցումը նախատեսվում է ավարտել 2014թ.։

Դանդաղկոտության հետևանքները

Ծրագիր-1-ի և Ծրագիր-2-ի շրջանակում կապալառու ընկերության անունը, համաձայն վարչապետի՝ անցած տարի նոյեմբերին Բաթումում հայտարարության, նախ պետք է հայտնի լիներ նույն տարվա դեկտեմբերի սկզբին։ Սակայն տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանն այդ ժամկետը նախ տեղափոխեց դեկտեմբերի վերջ և ապա՝ արդեն այս տարվա փետրվարին, հայտարարեց, որ ճանապարհաշինական աշխատանքները կսկսվեն ապրիլին։

Եթե հաշվի առնենք ընթացակարգային բոլոր փուլերը, որոնք դեռ պետք է անցնի իսպանական ընկերությունը, ապա բուն շինաշխատանքները լավագույն դեպքում կսկսվեն մայիսի վերջին։ Հիշեցնենք, որ «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ծրագիրը նախատեսվում էր սկսել դեռևս 2009թ. և ավարտել 2017թ. վերջին։ Այն, փաստացի, մեկնարկում է երեք տարի ուշացումով։

Կառավարության դանդաղկոտությունը ոչ միայն վտանգի տակ է դրել կատարվելիք աշխատանքների որակը, այլև ուղղակի ֆինանսական վնասներ հասցրել բյուջեին։ ԱԶԲ-ի կողմից Ծրագիր-2-ի մասով 2010թ. դեկտեմբերին հատկացված $170 մլն-ի համար կառավարությունը վճարում է տույժեր՝ տարեկան 0,15% տոկոսադրույքով։ Առ այսօր այդ գումարից չի ծախսվել ոչ մի լումա, ինչը նշանակում է, որ այս ժամանակահատվածի համար կառավարությունը պետք է վճարի մոտ $300 հազ-ի տույժ։

Ուշագրավ է նաև կառավարության երեկվա նիստում Տիգրան Սարգսյանի հայտարարությունը, թե «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի շինարարության ծրագրի ընդհանուր արժեքը $1,5 մլրդ է։ Նշենք, սակայն, որ ԱԶԲ-ն 556 կմ երկարությամբ Ագարակ-Կապան-Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհահատվածի կառուցման համար հատկացրել է $500 մլն՝ կառավարության $462 մլն համաֆինանսավորման պայմաններում։ Սա նշանակում է, որ ծրագրի ընդհանուր արժեքը մոտ $1 մլրդ է և ոչ թե $1,5 մլրդ։ ԱԶԲ-ն $500 մլն վարկը հատկացրել է 32 տարով, որից 8 տարին՝ արտոնյալ ժամկետով։

Ի դեպ՝ կառավարությունը երեկ որպես «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդատու հաստատել է բելգիական Safege և իսպանական Eptisa ընկերությունների համատեղ ձեռնարկությանը: