Ովքե՞ր են Սերժ Սարգսյանի որակյալ կադրերը

Նախընտրական քարոզարշավի շրջանակում ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը Իջևանում խոսել է կադրային քաղաքականությունից և քաղաքական սերնդափոխությունից: Նա հայտարարել է. «Արագացված կադրային փոփոխությունները կարող են միայն դրվագային դրական ազդեցություն ունենալ. պետք է մշակել ճիշտ կադրեր` երկարատև ու որակյալ աշխատանքի համար: Որակյալ կադրերի ընտրության շնորհիվ մենք նաև կապահովենք մեկ այլ կարևոր կողմ, ինչպիսին է քաղաքական ուժի հեղինակությունը»: Կադրերի հետ կապված ՀՀԿ առաջնորդը մատնանշել է մի շարք արատավոր երևույթներ, ինչպիսիք են կոռուպցիոն դրսևորումները, հովանավորչությունը և հավելել է. «Այս ամենին կարելի է ավելացնել նաև մերօրյա հոռի բարքեր համարվող զոռբայությունը, որոշ պաշտոնյաների արտոնյալ կարգավիճակը, եթե կուզեք՝ սանձարձակությունը»:

Կարելի է միայն ողջունել Սերժ Սարգսյանին նման կարևոր շեշտդրումներ անելու և իր ղեկավարած համակարգի արատները մատնանշելու համար: Սակայն քաղաքական գործիչներին դատում են ոչ միայն և ոչ այնքան խոսքով, որքան գործով: Ի՞նչն է խանգարել Սերժ Սարգսյանին ազատվել զոռբա, արտոնյալ կարգավիճակ ունեցող և սանձարձակ պաշտոնյաներից: Կադրային քաղաքականության ոլորտում արմատական և բարեփոխիչ գործունեություն ծավալելու համար Սարգսյանի գլխավորած քաղաքական ուժը խորհրդարանում ունեցել է բաձարձակ մեծամասնություն և գլխավորել է կառավարությունը: Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը, ունենալով այդպիսի մեծ իշխանական լծակներ այդ ոլորտում անհրաժեշտ բարեփոխումներ կատարելու համար, այժմ դժգոհում է կադրերից: Միգուցե ավելի ազնիվ կլիներ արատները մատնանշելուց հետո պատասխանե՞լ այս հարցերին:

Նույնիսկ եթե ենթադրենք, որ ինչ-որ անտեսանելի, գերբնական ուժեր այնուամենայնիվ խանգարել են իշխող քաղաքական ուժին կադրային քաղաքականության ոլորտում բարեփոխումներ իրականացնել, ապա այս ընթացքում, օրինակ՝ ի դեմս ՀՀԿ-ի նախընտրական ցուցակի, պետք է ականտես լինեինք, որ անկախ ամեն ինչից՝ այս ուժը իրական բարեփոխումների է ձգտում: Այսինքն՝ ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված, ինչպես նաև Սերժ Սարգսյանի կողմից սատարվող մեծամասնական թեկնածուների մարդկային նկարագրերը առանց խոսքի պետք է հուշեին, որ կադրային քաղաքականության ոլորտում նա հեղափոխություն է նախապատրաստում: Սակայն քարոզարշավի ընթացքում մենք ականատես ենք լինում, որ ՀՀ նախագահը անձամբ սատարում և աջակցություն է հայտնում այնպիսի դեմքերի, ինչպիսք են Սամվել Ալեքսանյանը, Մհեր Սեդրակյանը, Ռուբեն Հայրապետյանը, գեներալ Սեյրան Սարոյանը: Մարդիկ, որոնք հանրությանը ավելի շատ հայտնի են իրենց մականուններով, քան թե անուն-ազգանունով, իսկ նրանց գործունեության առանցքում շատերը տեսնում են նույն սանձարձակությունն ու զոռբայությունը: 

Իսկ միգուցե Սերժ Սարգսյանը քաղաքական սերնդափոխությո՞ւն է փորձում իրականացնել ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված Գագիկ Բեգլարյանով, Արտաշես Գեղամյանով, Խոսրով Հարությունյանով և վերջապես՝ Վարդան Ղուկասյանով: Չի բացառվում, որ Սարգսյանը կադրային փոփոխություններ և քաղաքական սերնդափոխություն ասելով՝ բոլորովին այլ բան է պատկերացնում, քան ՀՀ սովորական քաղաքացին: