Սարկոզին ու Օլանդը՝ տնտեսության և ԵՄ մասին

Օլանդը նշել է, որ Ֆրանսիան տնտեսական աճի կարիք ունի, այլ ոչ թե խնայողության հետագա միջոցառումների։ Սակայն Սարկոզին պնդել է, որ պետական ծախսերն անհրաժեշտ է վերահսկողության տակ պահել։

«Չի կարելի կարծել, թե աճն անվերահսկելի ծախսերի հաշվին է արձանագրվում»,- հայտարարել է Ֆրանսիայի գործող նախագահը։ Նա խոստացել է վերընտրվելու դեպքում մինչև հաջորդ տարի կրճատել բյուջեի դեֆիցիտը մինչև 3% և 2016թ. լիովին զրոյացնել այն։

«Մենք չենք կարող հավասարակշռել բյուջեն՝ առանց աճի»,- առարկել է Օլանդը։ Ընդ որում՝ սոցիալիստների առաջնորդը կոչ է արել օգտագործել համաեվրոպական պարտատոմսերը՝ մեծ պարտք ունեցող երկրներին օգնելու համար։

Մեկնաբանելով այն փաստը, որ Գերմանիան դեմ է հանդես գալիս այդպիսի ծրագրին՝ Օլանդը ասել է. «Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը, հավանաբար, կվիճարկի նման պահանջները. սա կդառնա բանակցությունների առարկա»։ «Գերմանիան որոշում չի կայացնի ամբողջ Եվրոպայի փոխարեն»,- նշել է Ֆրանսիայի նախագահի սոցիալիստ թեկնածուն։

Հաջորդ չորեքշաբթի Օլանդի և Սարկոզիի միջև տեղի կունենա առաջին հեռուստաբանավեճը։ Ընտրությունների առաջին փուլից հետո Ֆրանսիայի գործող նախագահը սոցիալիստ թեկնածուին առաջարկել էր հեռուստաբանավեճերի երեք փուլ անցկացնել, սակայն վերջինս ասել էր, թե մի փուլը բավական է։

Ֆրանսիացի ընտրողներին գլխավորապես հուզում են գործազրկության բարձր մակարդակի, ցածր աշխատավարձերի ու կենսաթոշակների, ինչպես նաև բարձր հարկերի խնդիրները։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահի՝ ապրիլի 22-ին տեղի ունեցած առաջին փուլում սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը ստացել էր ձայների 28%-ը, իսկ գործող նախագահ Սարկոզին՝ 27%-ը։

Երկորդ փուլը տեղի է ունենալու մայիսի 6-ին։ Եթե Սարկոզին պարտվի, նա կդառնա առաջին նախագահը 1981-ից ի վեր, որ չի կարողացել երկրորդ անգամ ընտրվել Ելիսեյան պալատի ղեկավար։