Պետությունը պետք է լինի տեղական արտադրանքի ամենախոշոր գնորդը. ՏՏ ընկերության տնօրեն

Բոլոր երկրներում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը զարգանում է այն դեպքում, երբ պետությունը հանդես է գալիս որպես պատվիրատու: Նման կարծիք հայտնեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը «Տեխնոլոգիական ոլորտում պետական տենդերների և գնումների գործընթացում մշտադիտարկում և բարեփոխում» խորագրով մամուլի ասուլիսում:

Ըստ Կարեն Վարդանյանի` Հայաստանում ՏՏ ոլորտի պետական տենդերների անցկացման համակարգն ունի բազում խնդիրներ՝ սկսած թափանցիկությունից, մինչև ոչ պարզ և հստակ մրցութային պայմաններ:

«Խնդիրն այն է, որ հիմնականում առաջնությունը տրվում է միջազգային ընկերություններին՝ չնայած հայկական ընկերություններն էլ կարող են կատարել այդ պատվերները»,- ասաց նա:

Վարդանյանի խոսքով, եթե անցյալ տարի ԻՏՁՄ ուշադրության կենտրոնում էին էլեկտրոնային առևտրի խնդիրները ՀՀ-ում, ապա այս տարի ռազմավարությունն ուղղված է լինելու գնումների ոլորտին:

«Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Չոբանյանն առանձնացրեց համակարգի հիմնական թերությունները: «Փաստաթղթերի անկատարությունը հիմնական խնդիրներից է. վատ է ձևակերված, թե ինչ է պետք գնել, ինչ ծառայություն կամ ապրանք է անհրաժեշտ մատուցել: ՀՀ պետական հիմնարկներում չկան տեխնիկական առաջադրանքի ճիշտ ձևակերպողներ: Սննդի ձևակերպումը նույնը չէ, ինչ ՏՏ ոլորտի առաջադրանքինը: Օրինակ` պահանջում են այնպիսի լուծումներ կամ ապրանքներ, որոնք արդիական չեն, ինչի արդյունքում դրանք չեն կարող արդյունավետ լինել»,-նշեց նա:

Չոբանյանն ընդգծեց, որ հիմնական խնդիրներից են նաև մրցութային սխալ և որոշ դեպքերում ավելորդ պայմանները, պահանջների խստության բացակայությունը և գնահատողների ոչ պրոֆեսիոնալիզմը: «Պետք է գնահատող հանձնաժողովների նիստերը ձայնագրվեն, դրանց ժամանակ դրսից մասնագետներ բերվեն, որ զգոն լինեն ու սուբյեկտիվ որոշումներ չկայացնեն»,-ասաց նա:

Ըստ տնօրենի` ներքին պահանջարկի խնդիրը շատ կարևոր է, պետությունը պետք է լինի ամենախոշոր գնորդը: «Եթե պետության տենդերն իրականացնի տեղական ընկերությունը, ապա պատվերը կկատարվի պետական կարիքների համար՝ պետության ներքո, կստեղծվեն նոր աշխատատեղեր, գումարը պետության մեջ կմնա, և հետևաբար կգրանցվի տնտեսական աճ»,-ավելացրեց Չոբանյանը:

ԻՏՁՄ տնօրենը տեղեկացրեց, որ այս խնդիրների լուծման համար անցկացվելու են քննարկումներ, և առաջարկների փաթեթի ստեղծումից հետո դրանք կներկայացվեն կառավարությանն ու մեդիաներին: Նա ակնկալում է յոթ ամիս հետո փոփոխություն արձանագրել:

Մեկնաբանել