Վարչապետը ծանոթացել է «Քենդլ»-ի իրականացման աշխատանքներին

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ Երևանի «Քենդլ» արագացուցչային հետազոտությունների ինստիտուտում տեղի է ունեցել «Քենդլ» նախագծի համակարգորղ խորհրդի նիստը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, մինչ օրակարգային հարցերի շուրջ քննարկումներին անցնելը կառավարության ղեկավարը ծանոթացել է ինստիտուտի լաբորատորիաների գործունեությանը և առաջիկա ծրագրերին:

Վարչապետին զեկուցվել է «Քենդլ» նախագծի առաջընթացի ուղղությամբ կատարված աշխատանքների, նախագծի առաջին փուլի՝ AREAL գծային արագացուցչի կառուցման աշխատանքների ընթացքի մասին:

Մասնավորապես`նշվել է, որ վերջին ամիսներին բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունեցել Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի արագացուցչային կենտրոնների ղեկավարների հետ, և ձեռք են բերվել համագործակցության պայմանավորվածություններ: Դրանց արդյունքում արդեն իսկ ստացվել են 1,5 մլն եվրոյի սարքավորումներ AREAL գծային արագացուցչի կառուցման նպատակով. ևս մեկ միլիոն եվրոյի սարքավորումներ կստացվեն առաջիկայում: Նշվել է, որ կատարված աշխատանքների արդյունքում ծրագրի առաջին փուլի՝ AREAL գծային արագացուցչի կառուցման աշխատանքների մեծ մասն արդեն իսկ կատարվել են, և այն նախատեսվում է գործարկել հաջորդ տարվա ընթացքում:

Համագործակցության արդյունքում տեղի երիտասարդ կադրերը գործուղվել են արտերկիր վերապատարստման:

Վարչապետը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին «Քենդլ» նախագիծը ներառել Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի և Չինաստանի հետ գիտատեխնիկական համագործակցության օրակարգում:

AREAL գծային արագացուցիչը հնարավորություն կտա ստանալ փոքր էմիտանսով էլեկտրոնային փնջի գերկարճ իմպուլսներ, ինչը ժամանակակից փնջերի ֆիզիկայի և արագացուցչային տեխնիկայի հեռանկարային բնագավառներից է և գերակա ուղղություն է աշխարհի առաջատար կենտրոնների համար: Այն կարևոր գիտական և կիրառական նշանակություն կունենա ֆիզիկայի, կենսաբանության, քիմիայի և նյութագիտության բնագավառների առաջատար փորձարարական հետազոտությունների համար:

Նախագիծն իրականացվում է Գերմանական DESY, շվեյցարական PSI, Սթենֆորդի SLAG կենտրոնների և Նովոսիբիրսկի միջուկային ֆիզիկայի ինստիտուտի հետ համագործակցությամբ:

Մեկնաբանել