Մուկուչյանը չի ուզում ազդել ԸԸՀ որոշման վրա

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը` Սամվել Ալեքսանյանի դեմ Նիկոլ Փաշինյանի բողոքի մասին ասել է. «Այսօր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը քննում է այդ դիմումը: Իրենք կքննեն, իրենք իրավական դիրքորոշումը կարտահայտեն որոշման մեջ: Ինքնուրույն գործող ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է և, հետևաբար, ես ոչ մի կարծիք անգամ չեմ փորձի հայտնել, որպեսզի որևէ կերպ իմ կարծիքով չազդեմ այդ հանձնաժողովի կողմից կայացրած որոշման իրավաչափության վրա»:

Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Երևանի թիվ 190 դպրոցում պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ընտրակաշառք է բաժանել: Այդ հրապարակումից հետո Ալեքսանյանը զանգահարել է թերթի խմբագրություն և ասել, որ դատի կտա նրանց:  
Թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ընթացք է տվել Փաշինյանի` Ալեքսանյանի դեմ դիմում-բողոքին: Փաշինյանը հանձնաժողովից պահանջում է Ալեքսանյանի թեկնածության գրանցումը ուժը կորցրած ճանաչելու հայցով դիմել դատարան, վկայակոչելով, որ Սամվել Ալեքսանյանը ապրիլի 19-ին թիվ  7 ընտրատարածքում գտնվող 190 դպրոցում անցկացրել է նախըտրական հանդիպում, որի ընթացքում դրամ  է բաժանել և առաջարկել «Վերջին զանգի» արարողությունն անվճար անցկացնել իրեն պատկանող «Փարվանա» ռեսնոտրանում: