Պակիստանի վարչապետը հրաժարվել է թողնել պաշտոնը

Պակիստանի Գերագույն դատարանը երեկ Գիլանիին մեղավոր էր ճանաչել դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար և նրան դատապարտել սիմվոլիկ պատժի՝ մի քանի րոպե ազատազրկման դատարանի դահլիճում։ Պատճառն այն էր, որ Գիլանին հրաժարվել էր վերականգնել Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարիի և քաղաքական մի շարք այլ գործիչների դեմ ուղղված կոռուպցիոն գործի հետաքննությունը։

Պակիստանի ընդդիմությունը, ոգեշնչված Գերագույն դատարանի որոշմամբ, պահանջել էր, որ Գիլանին հրաժարական տա։

Ի պատասխան սրա՝ Գիլանին ցուցադրաբար հայտնվել է խորհրդարանի ստորին պալատում և հայտարարել․ «Գոյություն չունի մի օրենք, որով կարելի է պաշտոնից հեռացնել օրինական ճանապարհով ընտրված վարչապետին։ Միայն խորհրդարանը, լինելով բարձրագույն մարմին, իրավունք ունի հեռացնելու ինձ պաշտոնից»։ Նա ընդգծել է, որ վարչապետի պաշտոնը կթողնի միայն այն դեպքում, եթե այդ որոշումը կայացնի խորհրդարանը։