Հայտնաբերվել է «Բիթլզի» «կորած համերգը»

Վերջերս հայտնաբերվել է «Բիթլզ» լեգենդար խմբի` ԱՄՆ-ում կայացած առաջին մեծ մենահամերգի ժապավենը. դրա հիման վրա նկարահանվել է «Բիթլզ. կորած համերգ» նոր վավերագրական ֆիլմը, որի պրեմիերան կկայանա Նյու Յորքում մայիսի 6-ին:

Տեսագրությունն արվել է ԱՄՆ-ում 1964թ. փետրվարին` բիթլերի համերգի ժամանակ: «Բիթլզին» ԱՄՆ-ում մեծ ճանաչում ու հազարավոր երկրպագուներ բերած պատմական այս շրջագայության մասին ֆիլմի հիմքում ընկած են զրույցները երաժիշտների ընկերների, լրագրողների, հանդիսատեսների ու պատմաբանների հետ:

Բրիտանական խմբի հանրահայտ ելույթի մասին ֆիլմում խոսում են «Աերոսմիթ» խմբի ղեկավար Սթիվեն Թայլերը, Չաք Բերին և ուրիշներ:

«Դա (համերգային շոուն) հետին պլան է մղում իմ տեսած բոլոր ելույթները, ներառյալ` Էլվիսին», – պատմում է Թայլերը:

«Բիթլզ. կորած համերգ» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա նյույորքյան Ziegfield Theatre կինոթատրոնում մայիսի 6-ին, որից հետո ֆիլմը կցուցադրվի Ամերիկայի շուրջ 450 կինոթատրոններում:

Մեկնաբանել