Հակոբ Գասարճյանին շնորհվել է Մխիթար Գոշի մեդալ

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր Մխիթար Գոշի մեդալ է հանձնել լիբանանահայ քաղաքական, հասարակական գործիչ Հակոբ Գասարճյանին, որը Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ պարգևատրվել է ՀՀ նախագահի հրամանագրով հայապահպանության գործում ներդրած ծանրակշիռ ավանդի, հայրենիքին մատուցած ծառայությունների, ինչպես նաև ՀՀ և օտարերկրյա պետությունների միջև բարեկամության ամրապնդմանը մեծապես նպաստելու համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունը:

Հակոբ Գասարճյանն ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանը, զբաղվել գործարարությամբ: Երիտասարդ տարիքից ակտիվ գործունեություն է ծավալել Հայ բարեգործական ընդհանուր միությունում, Ռամկավար ազատական կուսակցությունում և «Թեքեյան» մշակութային միությունում: Նա հետագայում հաստատվել է Ֆրանսիայում և ակտիվորեն զբաղվել համայնքային գործունեությամբ: Գասարճյանի աջակցությամբ հիմնադրվել է Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցությունը: Նա Հայաստանում իրականացրել է մի շարք բարեգործական ծրագրեր, այժմ Հայաստանի «Անելիք» բանկի խորհրդի նախագահն է, Լիբանանում  շարունակում է ակտիվորեն զբաղվել քաղաքական, հասարակական գործունեությամբ: